Մինսկի խմբի համանախագահները ընդգծում են՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ տեսակապի միջոցով հանդիպումից հետո հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ին առանձնազրույց են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացիկ դինամիկան և խաղաղ գործընթացում հետագա քայլերը: Այդ քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Համանախագահները կարևորել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունները խթանող մթնոլորտի խրախուսումն ու պահպանումը: Նրանք դրական են գնահատել տեղերում հարաբերական կայունությունը եւ գոհունակություն հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել կապի գոյություն ունեցող ուղիղ գծերը՝ հակամարտության սրացումից խուսափելու համար: Սակայն, հղում անելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությանը, համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, սադրիչ հռետորաբանությունն ու տեղերում իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։

Համանախագահներն ընդգծել են, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար։

Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հուլիսին անցկացնել ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս և հնարավորինս շուտ հանդիպել անձամբ։

Մեկնաբանել