8 հունվար, 2016 15:25

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ

Saudi Arabia IranԵմենի մայրաքաղաք Սանայում հունվարի 6-ին իր դեսպանության վրա իրականացված ավիահարվածը Իրանը որակել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից կանխամտածված քայլ, հաղորդում է BBC-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեսպանության շենքին վնաս է հասցվել, որոշ աշխատակիցներ ստացել են վնասվածքներ:

Ի պատասխան Թեհրանի մեղադրանքի՝ կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցկացնեն ներքին հետաքննություն և կոչ արել Իրանին չհավատալ ընդդիմադիրներից ստացված տեղեկատվությանը: Նրանց խոսքով՝ ավիահարվածի թիրախը մարտին Եմենի մայրաքաղաք Սանան գրաված ընդդիմադիրների օբյեկտներն են:

ISNA իրանական գործակալության հաղորդմամբ՝ հունվարի 7-ին Իրանը արգելել է Սաուդյան Արաբիայից ցանկացած տեսակի մթերքների ներմուծումը:

Թեհրանի և Էր-Ռիյադի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել 47 հոգու, այդ թվում՝ շիական քարոզիչ Նիմր Բաքր ալ-Բաքրիին: Նրան առաջադրվել էր ահաբեկչության մեղադրանք:

Ալ-Բաքրին, որին հաճախ անվանում են Շեյխ Նիմր, մեծ ճանաչում է ձեռք բերել 2011-ից հետո, երբ աջակցել էր շիաների հակակառավարական ցույցերը սաուդական իշխանությունների դեմ: Շիաները կազմում են Սաուդյան Արաբիայի բնակչության 10-15 տոկոսը: 2012-ին Շեյխ Նիմրին ձերբակալել էին: Դատարանում նա չէր հերքել իրեն առաջադրված քաղաքական մեղադրանքները, սակայն ընդգծել էր, որ երբեք զենք չի կրել և բռնության կոչեր չի արել:

Շիադավան Իրանում, որի հարաբերությունները հիմնականում սուննիական Սաուդյան Արաբիայի հետ լարված են, իսկ երբեմն՝ թշնամական, Շեյխ Նիմրի ճակատագրին հատուկ ուշադրությամբ էին հետևում:

Շիական քարոզիչի մահապատժից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարությունը սաուդական դեսպանին կանչել է ԱԳՆ և նրան բողոքի նոտա հանձնել: Իր հերթին, Էր-Ռիադը Իրանի դեսպանին է կանչել ԱԳՆ և հաղորդել, որ Թեհրանի արձագանքը մահապատժին «կոպիտ միջամտություն» է թագավորության ներքին գործերին:

Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատիժը քննադատել է ոչ միայն Իրանը, այլև թագավորության վաղեմի դաշնակից ԱՄՆ-ը: Պետքարտուղարությունը սաուդական իշխանություններին կոչ է արել հարգել ընդդիմության կարծիքը:

Հունվարի 2-ին Թեհրանում ցուցարարները գրոհել են Սաուդյան Արաբիայի դեսպանատունը՝ իրենց ցասումն արտահայտելով Սաուդյան Արաբիայում շիական քարոզիչ Նիմր Բաքր ալ-Նիմրի մահապատժի կապակցությամբ: