13 հունվար, 2016 12:58

Օբաման ամփոփեց արդյունքները

KMO_088197_203848_1_t218_054048ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 12-ին հանդես է եկել ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձով:  «Երկրի իրավիճակի մասին» ավանդական ելույթը, որով ԱՄՆ նախագահը հանդես է գալիս Կոնգրեսի երկու պալատների առջև, վերջինն էր Օբամայի համար նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններից առաջ: Հրաժեշտի ուղերձում ԱՄՆ նախագահը Կոնգրեսին կոչ է արել թույլ տալ ռազմական ուժ կիրառել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ և վերացնել Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոն: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ի թուլացման վերաբերյալ ենթադրություններն անհիմն են. Օբամայի խոսքով` աշխարհում նախկինի պես սպասում են, որ առաջնորդի դեր է խաղալու Վաշինգտոնը, այլ ոչ թե Մոսկվան կամ Պեկինը:

Ուղերձի զգալի մասը նվիրված է եղել տնտեսությանը` ԱՄՆ նախագահը հիշեցրել է գործազրկության մակարդակի անկման մասին, ուրվագծել է ազգային տնտեսական հեռանկարները, մասնավորապես` Կոնգրեսին կոչ անելով վավերացնել Անդրխաղաղօվկիանոսյան գործակցության ստեղծման մասին համաձայնագիրը: Ընդհանուր առմամբ ելույթի կենտրոնում եղել է չորս հիմնական թեմա` տնտեական հեռանկարներ, նորարարություն և կայուն զարգացում, ԱՄՆ-ի առաջնորդությունը աշխարհում և «հույսի քաղաքականություն»:

Ստորև ներկայացվում են ԱՄՆ 44-րդ նախագահի «Երկրի իրավիճակի մասին» վերջին ուղերձից առավել հետաքրքիր մեջբերումները:

«Իսլամական պետության» դեմ պայքարի մասին

«Եթե այս գումարման Կոնգրեսը լրջորեն մտադիր է հաղթել այս պատերազմը [ընդդեմ ահաբեկչության] և ցանկանում է մեսիջ ուղարկել մեր զորքերին և աշխարհին, դուք պետք է վերջապես թույլ տաք զինված ուժերի կիրառումը` ընդդեմ «Իսլամական պետության»:

Նրանք [«Իսլամական պետության» ահաբեկիչները] չեն սպառնում մեր երկրի գոյությանը. սա «Իսլամական պետության» հորինվածքն է, սա քարոզչություն է, որը նրանք օգտագործում են իրենց շարքերը համալրելու համար:

Մենք չպետք է կենտրոնանանք նրանց վրա, որպեսզի ցույց տանք մեր մտադրությունների լրջությունը, չկա նաև այս պայքարում կենսական կարևորություն ունեցող դաշնակիցներին վանելու անհրաժեշտություն` կրկնելով սուտը, թե «Իսլամական պետությունը» աշխարհի խոշորագույն կրոններից մեկի ներկայացուցիչն է: Պարզապես պետք է ասել, թե ով են նրանք իրականում` մարդասպաններ և մոլեռանդներ, որոնք պետք է արմատախիլ արվեն, ձերբակալվեն և ոչնչացվեն»:

Աշխարհում առաջնորդության մասին

«Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է և վերջ: Մենք մեր զինված ուժերի վրա ծախսում ենք ավելի շատ, քան մյուս ութ պետությունները միասին վերցրած: Մեր բանակը կազմված է համաշխարհային պատմության ընթացքում լավագույն զինվորական ստորաբաժանումներից: Ոչ մի երկիր չի հանդգնի հարձակվել մեզ կամ մեր դաշնակիցների վրա, քանի որ գիտի, որ դա կհանգեցնի իր տապալմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հեղինակությունն աշխարհում այժմ ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ ես նախագահ ընտրվեցի: Եվ երբ խոսքը որևէ լուրջ միջազգային խնդրի մասին է, աշխարհի ժողովուրդները չեն ակնկալում, որ առաջնորդողի դերը կխաղա Պեկինը կամ Մոսկվան, նրանք մեզ են դիմում»:

«Մենք նաև չենք կարող միջամտել և վերափոխել ճգնաժամային իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երկիր: Դա առաջնորդություն չէ: Դա մեզ ճահիճն է գցում և թուլացնում, եթե մենք թույլ ենք տալիս, որ թաթվի ամերիկյան արյուն, և վատնվեն միջոցները: Սա այն դասն է, որ մենք քաղել ենք Վիետնամից և Իրաքից, և մենք պետք է այն սերտեինք»:

«Առաջնորդություն նշանակում է ռազմական ուժի իմաստուն կիրառում և աշխարհի համախմբում ճիշտ նպատակների շուրջ: Դա նշանակում է, որ օտարերկրյա պետություններին ուղղված մեր օգնությունը հարկ է դիտարկել` որպես մեր ազգային անվտանգության ապահովման տարր, այլ ոչ թե բերագործություն... Երբ մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանել իր ժողովրդավարությունը կամ օգնում ենք Կոլումբիային վերջ դնել տասնամյակներ շարունակվող պատերազմին, դա ամրապնդում է համաշխարհային իրավակարգը, որից մենք կախված ենք»:

Ռուսաստանի մասին

«Չնայած այն բանին, որ իր տնտեսությունը թուլանում է, Ռուսաստանը միջոցներն ուղղում է Ուկրաինային և Սիրիային աջակցելուն` պետություններ, որոնք աչքի առաջ դուրս են պրծնում իր ազդեցությունից»:

Կուբայի հետ հարաբերությունների մասին

«Կուբայի հիսուն տարվա մեկուսացումը չկարողացավ առաջ մղել ժողովրդավարությունը` թուլացնելով մեր դիրքերը Լատինական Ամերիկայում: Ահա թե ինչու մենք վերականգնեցինք դիվանագիտական հարաբերությունները, բացեցինք դռները առևտրի և ճամփորդությունների համար ու որդեգրեցինք կուբացի ժողովրդի կյանքի բարելավմանը ուղղված դիրքորոշում: Ցանկանում եք ամրապնդե՞լ [ԱՄՆ-ի] առաջնորդությունը [արևմտյան] կիսագնդում: Խոստովանեք, որ Սառը պատերազմն ավարտվել է: Վերացրեք էմբարգոն»:

Քաղցկեղի դեմ պայքարի մասին

«Այսօր ցանկանում եմ հայտարարել նոր նախաձեռնության մասին: Հանուն հարազատների, որոնց մենք բոլորս կորցրել ենք, հանուն ընտանիքի, որը մենք դեռ կարող ենք փրկել, եկեք Ամերիկան դարձնենք երկիր, որը կբուժի քաղցկեղը մեկընդմիշտ»:

Տնտեսության մասին

«ԱՄՆ տնտեսության անկման մասին բոլոր խոսացկությունները դատարկաբանություն են` պայմանավորված քաղաքական դրդապատճառներով, ինչպես և ցանկացած հռետորաբանություն այն մասին, որ մեր թշնամիներն ամրապնդում են դիրքերը, իսկ Ամերիկան թուլանում է»: