18 հունվար, 2016 13:07

Ադրբեջանն ու Վրաստանը Դավոսում՝ նախագահի և վարչապետի մակարդակով

Davos 2016 AliyevԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ օրերին կմեկնի Դավոս, որտեղ կմասնակցի ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազա» կայքը, Ադրբեջանի համար մասնակցությունը Դավոսի համաժողովին շատ կարևոր է, քանի որ այն հարթակ է նոր ներդրումներ գրավելու տեսանկյունից:

Էժանացող նավթի և մանաթի արժեզրկման պայմաններում Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատված օտարերկրյա նեդրումների գրավումը դարձել է օրակարգի կարևոր հարցերից:

Վրաստանն այս տարի ներկայացնելու է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Ինչպես հաղորդում է Sputnik-ի ծառայությունը, Կվիրիկաշվիլիին ուղեկցելու է արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն:

2016թ. հունվարի 20-23-ը կայանալիք Դավոսի համաժողովն անցնելու է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» խորագրով: Ֆորումին մասնակցելու է ավելի քան 2500 մարդ՝ աշխարհի մոտ 100 երկրից:

Համաժողովի կազմակերպիչներն արդեն հաստատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, Հայաստանն այս տարի նույնպես չի մասնակցի Դավոսի համաժողովին. վերջին անգամ ֆորումին ՀՀ-ն մասնակցել է 2009թ.՝ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով:

Ի՞նչ է Դավոսի համաժողովը

Դավոսը շվեյցարական գյուղաքաղաք է, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1560մ բարձրության վրա: Անցյալ դարում Դավոսը հայտնի էր թոքախտով հիվանդ մարդկանց համար իր առողջարաններով, որտեղ հավաքվում էին այդ հիվանդությամբ տառապող հարուստ եվրոպացիներ՝ թարմ, սառը օդ շնչելու նպատակով: Թոքախտի վերացմանը զուգընթաց այդ առողջարանները վերածվեցին նորաոճ հյուրանոցների:

ՀՏՖ-ն առաջին անգամ գումարվել է 1971թ.՝ որպես «Կառավարման եվրոպական ֆորում» (այդպես է կոչվել մինչև 1986թ.), որը նախագահել է Ժնևի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Շվաբը: Գործարարների առաջին հանդիպումները նվիրված էին կառավարման հարցերի. հետագայում քննարկվող հարցերի շրջանակն ընդլայնվեց, և 1974-ից՝ Դավոսը սկսեց հյուրընկալել նաև քաղաքական գործիչների:

1987թ. դրությամբ ֆորումը սկսեց ներգրավել գործարարների նաև Եվրոպայի սահմաններից դուրս: Ֆորումը մեծ դերակատարություն է ունեցել Չինաստանի և Հնդկաստանի զարգացող տնտեսությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի ավելի կայացած տնտեսությունների հետ կապելու հարցում: Այն նաև քաղաքական դերակատարություն է ունեցել, օրինակ՝ 1988թ., երբ Հունաստանի և Թուրքիայի միջև կնքվեց հռչակագիր, որի շնորհիվ կանխվեց պատերազմը երկու երկրների միջև: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկը 1992թ. Դավոսում հանդիպել է ապարտեիդի դեմ պայքարող Նելսոն Մանդելայի, իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը 1994թ.՝ Պաղեստինի Ազատագրման կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ: