18 հունվար, 2016 14:47

Այսօրվանից կդադարեն օմբուդսմենի լիազորությունները

8e56a5288da235e042Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է Ազգային Ժողով: Այս մասին տեղեկացնում են օմբուդսմենի աշխատակազմից:

«Վաղվանից ՀՀ քաղաքացիներն օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր պաշտպանի ընտրվելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Ազգային ժողովում ստացվել է Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը:

ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մա...

Posted by Arsen Babayan on Monday, January 18, 2016

Կարեն Անդրեասյանը հրաժարականի առաջին դիմումը ներկայացրել էր հունվարի 12-ին: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի` օմբուդսմենի լիազորությունները դադարում են, երբ նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

Այսօր` ավելի վաղ, Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները: «Հրաժարականի պատճառը բազմաշերտ է, և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»,- գրել էր Կարեն Անդրեասյանը: