20 հունվար, 2016 18:19

Նավթի գնանկումը Ադրբեջանին ստիպում է վերանայել բյուջեն

Oil derricks are silhouetted against the rising sun at oilfield in the capital BakuԱդրբեջանի կառավարությունը պատրաստում է 2016թ. պետական բյուջեի փոփոխությունների նախագիծ. բյուջեի եկամուտները կվերանայվեն՝ հիմք ընդունելով նավթի մեկ բարելի դիմաց 30 դոլար գինը, չնայած՝ բյուջեն հաստատվել է՝ ելնելով մեկ բարելի դիմաց 50 դոլար գնից. այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:   

Ինչպես հաղորդում է Radio Azadlyg-ը, փոփոխությունները նախատեսում են սոցիալական և ներդրումային նպատակներով ծախսերի ավելացում:

«Պետության ղեկավարի վերջին հրամանագրերի (աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման վերաբերյալ) ֆինանսավորման նպատակով հավելյալ ծախսերը կկազմեն 1,2 մլրդ մանաթ: Ավելին՝ լրացուցիչ միջոցներ կնախատեսվեն նաև ներդրումների համար»,- ասել է Ռուստամովը:

Երկրի տնտեսության ոչ նավթային հատվածին զարկ տալու նպատակով Ադրբեջանը մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել, որի միջոցով Բաքուն նպատակ ունի մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ գրավել: Ազատ առևտրի գոտին նախատեսվում է ստեղծել Բաքվի նավահանգստի շուրջ:

Տնտեսության ոչ նավթային սեկտորի զարգացումն ու էներգակիրներից կախվածության նվազումը Իլհամ Ալիևը տարեսկզբին հռչակել է 2016թ. կառավարության առաջնահերթություն:

«Նավթից կախվածությունը նվազում է, սակայն մենք պետք է այն նվազագույնի հասցնենք, որպեսզի ապագայում կախված չլինենք նավթի գներից: Սա է ապագայում մեր անելիքը»,- հայտարարել է Ալիևը՝ ևս մեկ կարևոր հարց համարելով որքան հնարավոր է շատ օտարերկրյա ներդրումների գրավումը, ինչի նպատակով էլ այս օրերին նա մեկնել է շվեյցարական Դավոս, որտեղ հունվարի 20-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը: