20 հունվար, 2016 18:18

ԱՄՆ դեսպանությունը ափսոսանք է հայտնում օմբուդսմենի հրաժարականի կապակցությամբ

Հus-embassyայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշման կապակցությամբ:

«Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Անդրեասյանի աշխատանքը կառուցված էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմի արհեստավարժության ու նվիրումի շուրջ:

«Պարոն Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի, անկասկած այս արժեքավոր կառույցի աշխատողների քանակական ու որակական կազմի բարելավումն էր, և մենք լիահույս ենք, որ այս կառույցը մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ենթակայության ներքո կշարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՄԻՊ գրասենյակի և վերջինիս անձնակազմի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք պատրաստ ենք աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ:

Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հանդես բերել` աշխատելու ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն  ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

***

Հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Հունվարի 18-ին նա կրկնեց իր հրաժարականը: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի` օմբուդսմենի լիազորությունները դադարում են, երբ նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: