21 հունվար, 2016 16:22

Սաուդյան Արաբիան խուճապի մեջ է, ԱՄՆ-ն էլ կախվածություն ունի պատժամիջոցներից

Ջավադ Զարիֆ Քրիստիան Ամանպուրի հետ զրուցել է Դավոսում: Ջավադ Զարիֆը Քրիստիան Ամանպուրի հետ զրուցել է Դավոսում:

Պատժամիջոցների վերացմամբ Իրանը վերադառնում է համաշխարհային տնտեսություն. Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար և տնտեսական հարցերով խորհրդական Մոհամադ Նահավանդիանը:

«Պատժամիջոցների վերացմանը և երկրում տնտեսական միջավայրի բարելավմանը զուգընթաց Իրանը ողջունում է օտարեկրյա ներդրումները երկրի տնտեսության մեջ»,- IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Նահավանդիանը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն է դարձվելու այն նախագծերին, որոնք նպաստելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ըստ կանխատեսումների՝ իրանական տնտեսությունն աճելու է միջինից ավելի արագ: Ինչպես հայտարարել է Դավոսում իրանցի պաշտոնյան, երկիրը 2016թ. ակնկալում է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Տնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանը նախատեսում է, որ մինչև 2021թ. տնտեսական աճի տեմպերը կարող են հասնել 8 տոկոսի: Խոսելով ներկայիս կառավարության հաջողությունների մասին՝ Նահավանդիանը նշել է, որ աճը դրական ցուցիչներ ունի:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այս ոլորտում Թեհրանը առաջնահերթություն է համարում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը:

Nahavandian4 Մոհամադ Նահավանդիան

Զարիֆի բացառիկ հարցազրույցը CNN-ին

Տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների, միջուկային համաձայնության կյանքի կոչման, սիրիական հակամարտության և ամերիկյան նոր պատժամիջոցների մասին Դավոսում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ բացառիկ զրույց է ունեցել CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրը:

Զարիֆը վստահ է՝ Սաուդյան Արաբիան խուճապի է մատնվել Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածության թուլացման կապակցությամբ:  

«Մենք վստահ ենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են լինել երկու կարևոր խաղորդներ, որոնք կհարմարվեն, կլրացնեն միմյանց տարածաշրջանում»,- Ամանպուրին ասել է Զարիֆը:

«Դժբախտաբար, սաուդցիներն ունեին այն պատրանքը, որ իրենց արևմտյան դաշնակիցների աջակցությամբ կարող են Իրանը տարածաշրջանում հավասարումից դուրս հանել»,- ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու նկատել, որ Սաուդյան Արաբիայի և արևմտյան տերությունների միջև դաշնակցությունը և վերջիններիս հետ Իրանի լարվածությունը ստեղծել է շղարշ, որը Ռիյադին թույլ է տվել արտահանել իր ծայրահեղական վահաբական գաղափարախոսությունը:

CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Ջավադ Զարիֆը նաև ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատանդների փոխանակումը, միևնույն ժամանակ, ընդգծել, որ միջուկային համաձայնագիրը չի նշանակում, որ երկու երկրները միանգամից դաշնակից են դարձել:

Վերացնելով հին սահմանափակումները՝ Վաշինգտոնն անմիջապես նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի այն ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն երկրի միջուկային ծրագրի հետ:

Ջավադ Զարիֆը կարծում, որ իրավական տեսանկյունից դրանք անհիմն են. ԱՄՆ-ը պարզապես ֆիքսված է այդ հարցի վրա:

«Ես դա անվանում եմ կախվածության տեսակ, որ ԱՄՆ-ում ոմանք կախվածություն ունեն պատժամիջոցներից և ճնշումից: Ճիշտ այնպես, ինչպես ծխելու դեպքում: ԱՄՆ-ը լավ կաներ մեկընդմիշտ իր համար որոշեր, որ պատժամիջոցները չեն աշխատում, որ Իրանի դեպքում աշխատում են բանակցությունները, հարգանքը, խոսելը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իսրայելի դիրքորոշման մասին ավելին՝ այստեղ: