25 հունվար, 2016 14:24

Մոլդովայի ընդդիմությունը երեք օր է տվել իշխանություններին

Moldova Ultimatum Three DaysՄոլդովայի ընդդիմությունը, որը պայքարում է երկրում արտահերթ ընտրությունների անցկացման համար, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կսկսի, եթե իշխանությունները առաջիկա երեք օրերի ընթացքում չգնան զիջումների: Այս մասին հայտարարվել է Քիշնևի կենտրոնում հունվարի 24-ին բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ Մոլդովայի աջ և ձախ ընդդիմությունից:

Ցուցարարները մեկ ժամով արգելափակել են քաղաքից դուրս տանող մայրուղիներից մեկը և տեղեկացրել, որ դա նախազգուշացնող միջոցառում է:

«Մեր պահանջները կատարելու համար իշխանություններին տալիս ենք երեք օր՝ մինչև հինգշաբթի երեկո, հակառակ դեպքում անցնելու ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաների՝ արգելափակելու ենք միջազգային մայրուղիները, հնարավոր է՝ երկաթուղային կայարանն ու օդանավակայանը»,- սպառնացել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը: Վերջինիս խոսքով՝ ընդդիմադիրները մտադիր են առաջարկել երկիրը քաղաքական և տնտեսական ծանր իրավիճակից դուրս բերելու ծրագիր:

Անկարգություններից և բախումներից խուսափելու համար իշխանությունները չեղյալ են հայտարարել այլընտրանքային հանրահավաքը՝ ի պաշտպանություն նախարարների կաբինետի:

***

Հունվարի 20-ին Քիշնևում սկսվեցին զանգվածային անկարգություններ՝ կապված երկրի վարչապետի պաշտոնում դեմոկրատ Պավել Ֆիլիպի թեկնածության հաստատման հետ:

Խորհրդարանի պաշարումը սկսվել է այն բանից հետո, երբ օրենսդիրները 101-ից 57 ձայնով հաստատել են նոր կառավարության կազմը՝ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ: Ցուցարարները ներխուժել են խորհրդարան, որից հետո վերջիններիս և իրավապահների միջև սկսվել են բախումներ, կիրառվել է արցունքաբեր գազ:

Մոլդովան տարին սկսել է առանց կառավարության՝ քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Երկիրն արդեն չորս ամիս է՝ ցնցում են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց առիթ է հանդիսացել այսպես կոչված «դարի կողոպուտը». երկրի երեք խոշորագույն բանկերից 2015թ. գարնանը անհետացել էր մեկ մլրդ դոլար: Բողոքի ալիքի արդյունքում հոկտեմբերի վերջին Մոլդովայի խորհրդարանը անվստահության քվե էր հայտնել կառավարությանը, որը ձևավորել էր կոռուպցիայի մեջ մեղադրվող եվրոպամետ դաշինքը՝ Վալերի Ստրելեցի գլխավորությամբ:

2014թ. հունիսի 27-ին Մոլդովան՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ մեկտեղ ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, այդուհանդերձ, երկիրը շարունակում է մնալ քաղաքականապես անկայուն, ինչի առթիվ պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում Բրյուսելը: