27 հունվար, 2016 12:25

Սիրիայի քրդերի մասնակցությունը Ժնև-3-ին՝ վիճահարույց հարց

Սիրիայի քրդական զինուժի մարտիկներ Սիրիայի քրդական զինուժի մարտիկներ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրուկ դեմ է հանդես եկել այս շաբաթվա վերջին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք հանդիպմանը Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) մասնակցությանը:

«Վստահ ենք, որ սեղանի շուրջ պետք է լինեն քրդերը, արաբները, թուրքմենները, սուննիները, նուսայրիները [արաբ ալևիներ] և քրիստոնյաները: Քրդերի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ անհրաժեշտ է»,- հունվարի 26-ին հայտարարել է Դավութօղլուն՝ կարևորելով քրդերի ներկայությունը, միևնույն ժամանակ հստակեցնելով, որ իրենք դեմ են Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» և քրդական զինուժի`«Ժողովրդական պաշտպանության ուժերի» [YPG] մասնակցությանը կայանալիք բանակցություններին:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան կբոյկոտի բանակցությունները, եթե PYD-ն հրավիրվի:

«Ի՞նչ կարգավիճակով է մասնակցելու «Դեմոկրատական միությունը»: Կարո՞ղ է ահաբեկչական կազմակերպությունը հանդես գալ որպես ժողովրդի ներկայացուցիչ: Ալ-Կաիդան, Ջաբհաթ ալ-Նուսրան կարո՞ղ են մասնակցել բանակցություններին: Ահաբեկչական կազմակերպություններ այնտեղ չպետք է լինեն»,- ելույթ ունենալով NTV հեռուստաալիքով՝ ասել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 26-ին 2015թ. արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսին ասել է, որ առանց Սիրիայի քրդերի անհնար է հասնել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման:

«Հրավիրվածների շրջանակը պետք է լինի ներառական, ինչպես արձանագրված է ՄԱԿ-ի բանաձևում: Առանց այդ կուսակցության, առանց այդ մասնակցի բանակցությունները չեն կարող ունենալ այն արդյունքը, որին ձգտում ենք՝ հասնել Սիրիայում քաղաքական կարգավորման»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցությունը», մինչդեռ, ակնկալում է, որ իր ներկայացուցիչները կհրավիրվեն Ժնև՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու. այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմը:

«Անշուշտ, մենք կցանկանայինք միանալ ու կարծում ենք, որ եթե մենք չմասնակցնեք, Ժնև-3-ը կձախողվի, ինչպես Ժնև-2-ը, որտեղ որոշ կողմեր բացառվել էին»,- Reuters-ին ասել է Մուսլիմը՝ շեշտելով, որ իրենք մեծ թվով մարդկանց են ներկայացնում և բանակցություններից իրենց դուրս թողնելը չի նպաստում քաղաքական կարգավորմանը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան մտադիր է այս ուրբաթ՝ հունվարի 29-ին, միջսիրիական բանակցություններ անցկացնել Ժնևում: Բանագնացը հույս ունի, որ այս անգամ կհաջողվի խուսափել Ժնև-2-ի սխալներից, որոնք կայացել են երկու տարի առաջ: Այն ժամանակ հակամարտության կողմերին, որոնց նախատեսվում էր հավաքել մեկ սեղանի շուրջ, այնպես էլ չհաջողվեց շփվել միմյանց հետ:

Դե Միստուրան այս անգամ կարևորում է անուղղակի բանակցությունները և ասում, որ պետք չէ ակնկալել հեշտ հանդիպում: Նա նաև անհրաժեշտ է համարում Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատումը, ինչը, սակայն, չի ենթադրում «Իսլամական պետության» կամ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» դեմ պայքարի դադարեցում: