28 հունվար, 2016 18:14

Կոնգրեսականներ Շիֆն ու Շերմանը պետքարտուղարին կոչ են արել գործել ԵԽԽՎ բանաձևի դեմ

US CongressԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներից Ադամ Շիֆը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը իրենց ձայնն են բարձրացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձևի դեմ։

Ինչպեղ հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Ադամ Շիֆը, հիշեցնելով շփման գծում իրականացվող զինված գործողությունները, պետքարտուղար Ջոն Քերիին հղած նամակում մտահոգություն է հայտնում, որ բանաձևը որևէ կերպ չի անդրադառնում դրան, իսկ Ադրբեջանը շարունակում է մերժել այստեղ կրակի ուղղությունը որսացող սարքեր տեղադրելու առաջարկը։

«Ես բարձր եմ գնահատում այս բանաձևի նկատմամբ Պետքարտուղարության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված ընդդիմությունը, որտեղ նշվում է, որ այս հակամարտությունը լուծելու միակ կառույցը ԵԱՀԿ-ի գործընթացն է, և որ դրանից դուրս ԵԽԽՎ-ի կողմից որևէ հայտարարություն անօգուտ է»,- գրում է կոնգրեսականը և հորդորում Պետքարտուղարությանն ու պետքարտուղար Ջոն Քերիին՝ ամենաբարձր մակարդակով արտահայտել այն տեսակետը, որ նման բանաձևի ընդունումը կարող է ապակայունացնել շփման գծում արդեն իսկ խոցելի իրավիճակը։

Մինչև ԵԽԽՎ-ում բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնելը, Քերիին հղված իր նամակում կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է, որ ԱՄՆ-ը դիմի այս բանաձևը պարտության մատնելու անհապաղ քայլերի, բանաձև, որը նրա խոսքով, «փոձում է անտեսել Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը»։

Նամակում ասված է, թե Մինսկի խմբի դերի անտեսումը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլև վիրավորանք է Ամերիկայի ժողովրդի նկատմամբ։

«Եվրոպայի արդեն մի քանի սերունդ հորդորում են Ամերիկային ներգրավվել Եվրոպային հուզող հարցերում։ Միայն 2Օ-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել հանուն Եվրոպայում խաղաղության։ Եվ այսօր հարիր չէ Մինսկի խմբի դերի անտեսումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի ընդունումը՝ ձայների 66-ը 70-ի հարաբերակցությամբ։ Այդ վիճահարույց փաստաթուղթը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

Մինչդեռ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցը 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։

Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները կոչ էին արել ԵԽԽՎ-ին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները։