29 հունվար, 2016 15:58

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին հորդորում է արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

TheParliamentaryAssemblyOfTheCouncilOfEurope1Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանին հորդորում է մշակել փողերի լվացման դեպքերի հետաքննության և քրեական հետապնդման ազգային արդյունավետ քաղաքականություն:

Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջոցառումների գնահատման փորձագետների հանձնաժողովը (MONEYVAL) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որը վերլուծում է Հայաստանի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափանիշների կատարումը 2009թ. վերջին գնահատման զեկույցից ի վեր և գործողությունների ծրագիր է առաջարկում` վերացնելու թերությունները:

Զեկույցում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի փորձագետները էական թերություններ են հայտնաբերել Հայաստանում փողերի լվացման դեպքերի հետաքննության ու քրեական հետապնդման գործընթացում և Հայաստանի իշխանություններին կոչ են անում ձեռնարկել անհապաղ միջոցառումներ` ապահովելու, որ իրավապահ մարմինների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնց առերեսվել է երկիրը:

«Խարդախությունը, հարկերից խուսափումը, մաքսանենգությունը և յուրացումը փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են Հայաստանում: Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար: Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք` փողերի լվացումից ստացված հանցավոր եկամուտները ապացուցելու, հետապնդելու, ձերբակալելու և առգրավելու համար»,- ասված է ԵԽ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, Հայաստանը բավարար առաջընթաց է արձանագրել ամուր իրավական հենք ստեղծելու հարցում, իսկ ֆինանսական հատվածն արդյունավետ է գործել կանխրգելիչ միջոցառումների իրականացման գործում. «Ահաբեկչության ֆինանսավորումը և տարածումը բացահայտելու և կանխելու մեխանիզմները զգալիորեն արդյունավետ են եղել»:

Հայաստանը ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնաժողովին պետք է պատասխան զեկույց ներկայացնի 2018թ. ապրիլին: Մինչ այդ` 2016թ. դեկտեմբերին, Հայաստանը պետք է ներկայացնի միջանկյալ զեկույց գործողությունների ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ: