29 հունվար, 2016 16:23

Կոռուպցիայի վարքագիծը Հայաստանում 2014-2015 թթ.

A protest sit-in against energy price increase on Freedom SquareԹրանսփարենսի Ինթերնեշնլ (Transparency International) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2015թ. տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը 168 երկրների շարքում: (Տե՛ս  Հայաստանը վատթարացրել է դիրքը կոռուպցիայի ընկալման 2015թ. զեկույցում): ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ կոռուցպիայի վարքագծի դինամիկան այս և այլ զեկույցների հիման վրա:

Հայաստանի պարագայում փոփոխությունը աննշան է, քանի որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2014թ. համեմատությամբ նվազել է ընդամենը երկու կետով՝37-ից 35-ի: Հատկանշական է, որ համաձայն ոստիկանության ներկայացրած ամփոփ տվյալների՝ 2014թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599  հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 66 դեպք: Իսկ արդեն 2015թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 616 հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 97-ը:

Իսկ որոնք են հանդիսանում Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառները: 2015թ. առավել վաղ հրապարակված Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցի համաձայն՝ Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառներից է այսպես կոչված օլիգարխների առկայությունը, որոնք բարձր եկամուտներ են ստանում ստվերային տնտեսությունից, որը գնահատվում է ՀՆԱ գրեթե 35 տոկոսը: Ըստ զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետ իրականացման հիմնական խոչընդոտն է պետական համակարգի պաշտոնյաների և մասնավոր սեկտորի միջև փոխկապակցվածության բարձր մակարդակը: Բիզնես միջավայրում բարձր է կենտրոնացվածության մակարդակը: Կառավարության անդամներն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն հիմնական տնտեսական ոլորտների վրա, որը սահմանափակում է ազատ մրցակցությունը և խոչընդոտում օտարերկյա ներդրումների ներգրավմանը: Այս իրողությունները հաստատում է նաև «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից 2013թ. հրապարակված զեկույցը, որի  համաձայն որոշ ապրանքների՝ վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում որոշ գործարար խմբեր: Այդ խմբերը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ սերտ անձնական կապեր ունեն:

Թրանսփարենսի ինթերնեշնլը կոռուպցիայի կրճատման համար առաջարկում է քայլեր, օրինակ՝  Ազգային ժողովի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել և սանկցիաներ սահմանել ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են նման գործունեություն, այլև նրանց, ովքեր տեղյակ են, սակայն չեն հաղորդում համապատասխան մարմիններին: Առաջարկների թվում է նաև, որ դատական համակարգը պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկի կոռուպցիոն դեպքերի բացահայտման, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, ինչը կնպաստի վերջիններիս նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

2013թ. հրապարակված հարցումների համաձայն՝ Հայաստանում հարցվածների  82 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան խնդիր է հանդիսանում հանրային սեկտորի համար: Ըստ նրանց՝ առավել կոռումպացված են դատական համակարգը (69 տոկոս), պետական պաշտոնյաները և քաղծառայողները (68 տոկոս), առողջապահության ոլորտը (66 տոկոս), ոստիկանությունը (66 տոկոս) և այլն: Ավելին, ներկայացված հարցման արդյունքում հարցվածների 24 տոկոսը կաշառք էր տվել առողջապահության ոլորտում, 21 տոկոսը՝  ոստիկանությանը, 18 տոկոսը՝ դատական համակարգին և այլն: Միևնույն ժամանակ, 63 տոկոսը համոզված էր, որ անհատները չեն կարող ազդել կոռուպցիայի կրճատման վրա: Նման իրավիճակում ընդամենը 21 տոկոսն էր կարծիք հայտնել, որ պետական համապատասխան մարմինների քայլերը արդյունավետ են:

Կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարևոր քայլ համարվեց 2015թ. փետրվարին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս խորհրդի նկատմամբ, սակայն, հանրությունը վստահություն չունի, քանի որ, ըստ մամուլի արժանահավատ հրապարակումների, թե՛ Աբրահամյանը, թե՛ խորհրդի անդամ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և խորհրդի այլ անդամներ փոխկապված են բազմաթիվ խոշոր բիզնեսների հետ և իրենք իսկ մարմնավորում են կոռուպցիան:

Ենոք Հակոբյան