1 փետրվար, 2016 20:55

Վարչապետի ծննդյան օրը

Հովհաննես Քաջազնունին՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը: Հովհաննես Քաջազնունին՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը:

Փորձեցի չօգտագործել էկրաններից հագագային հնչողությամբ արտասանվող «մասունք» բառը, բայց փոխարինող բառ չգտա: Օրացույցի ամսաթիվը մի քանի կարևոր բան հիշեցրեց, իսկ հետո իմացա, որ այսօր Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրն է: Դարակից հանեցի իմ ունեցած «մասունքները»: Մի քանի տարի առաջ Վահան Իշխանյանը ինձ էր տվել Քաջազնունու երեք գրքերը ՝ « Դաշնակցությունը անելիք չունի այլևս», «Հարյուր տաս օր Եվրոպայում» և «Ազգ և հայրենիք»-ը: Առաջինը տպված է Վիեննայում 1923-ին, երկրորդը՝ 1911-ին՝ Բաքվում, իսկ վերջինը՝ 1979-ին՝ Բեյրութում: Վերջինի մասին Վահանը նշեց , որ Վարդան Բախշյանի գիրքն է: Երբ տանը բացեցի «Ազգ և Հայրենիք»-ի առաջին էջի վրա Վարդան Բախշյանի ստորագրությունն էր:

Վարդանը ՀՅԴ անդամ էր, ուսանողական շարժման ղեկավարներից, լուրջ գիտնական, որը զոհվեց Հասանաբադում: Մի քանի օր առաջ իր դասընկերներից մեկն ինձ հետ զրուցելիս ասաց. «Էնքան հաճախ եմ մտածում՝ որ Վարդանը ողջ լիներ, կմնա՞ր դաշնակցության մեջ»: Հարցը բնականաբար հռետորական էր: Ահա թե ինչու այդ երեք գրքերը, որոնք հանեցի դարակից, երբ իմացա, որ այսօր մեր առաջին վարչապետի ծննդյան օրն է, մասունք են: Նախ՝ հին են, տպված տարբեր քաղաքներում՝ Վիեննա, Բաքու, Բեյրութ: Հետո, դրանցից մեկը մեր սերնդի ամենավառ դեմքերից մեկի գիրքն էր, որը հավատում էր Դաշնակցության գաղափարներին, ու գրքերի հեղինակը մեր երկրով ապրած բացառիկներից մեկինն էր:

«Դաշնակցությունն անելիք չունի» գրքի վերջում Քաջազնունու պատասխան նամակն է իր կուսակացական և մտերիմ ընկերոջը, որի անունն ինքը չի բացում ու պատասխանում է այն մեղադրանքին, որ հնչել է իր հասցեին Դաշնակցության մասին ասված մտքերից հետո:

«Ես կուսակացական մարդ չեմ (բառի նեղ իմաստով) ու երբեք էլ չեմ եղել: Եվ այդ է պատճառը, որ այնքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցության մեջ: Պարզապես մի հայ մարդ եմ եղել ես, հայ հայրենասեր… ահա մի վարկաբեկված բառ, որը ենթարկված է եղել այնքան անարգանքի, այնքան ծաղրանքի: Բայց ճշմարտությունն այն է, որ այդ է իմ էությունը: Ես սիրում եմ Հայ - Հայրենիքն ու Հայ - Ժողովուրդը - այդ աղքատ, ավեր, անհամբույր, դաժան երկիրը ու այդ տգետ, կեղտոտ, ծածկամիտ եսամոլ ու շահասեր ժողովուրդը, սիրում եմ ոչ թե առաքինությունների համար , այլ իր բոլոր ախտերով հանդերձ»:

Փաստորեն, մի դար առաջ «հայրնասիրություն» բառն արդեն վարկաբեկված էր... Քաջազնունին ֆրանսերեն մի արտահայտություն է անում, որ նշանակում է, թե իր ուժերից վեր է չսիրել հայ ժողովուրդն ու Հայաստանը, որքան էլ բազում լինեն թերությունները և ինչ սոսկալի վիճակում էլ լինի երկիրը:

«Ծիծաղելի է թվում քեզ իմ այն խոսքը, թե հայ բոլշևիկները մեր ժառանգներն են (անշուշտ , իրենք` բոլշևիկներն էլ ավելի կծիծաղեին , եթե լսեին այդ խոսքը ):

Իսկ ինձ – չեմ ասում ՝ ծիծաղեցնում է, այլ զարմացնում է ձեր երկուսի անհասկացողությունը, որովհետև մի պարզ ճշմարտություն է իմ ասածը.

  • Հրաժարիմք ի սատանայէ,- բացականչում է դաշնակցականը՝ լսելով բոլշևիկի անունը:
  • Հրաժաարիմք ի սատանայէ , - բացականչում է բոլշևիկը` լսելով դաշնակցականի անունը:
Զուր բացականչություններ, ընկերներ, հրաժարվել չեք կարող, դա ձեր ցանկության կամ ընտրության խնդիր չէ:

Դաշնակցությունը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապես ազատագրվող հայ ժողովուրդը, հասցրել մի որոշ տեղ. այստեղ իրեն փոխարինելու է մինչև հետևյալ կայանը՝ հայ բոլշևիկը:

Այս է պատմության ընթացքը: Հասկացի'ր ինձ. Դաշնակցական կազմակերպությունն է դատապարտված մահվան (ավելի ճիշտը՝ մեռած է արդեն), բայց գործը մնում է կենդանի:

Ասում ես՝ Հայաստանն անկախ չէ:

Իհարկե, անկախ չէ: Բայց համեմատիր (անկախության տեսակետից) իրերի այսօրվա դրությունը նախապատերազմական դրության հետ և տես, թե ինչ մեծ թռիչք է կատարված: Հիշի՛ր, թե պատերազմի նախօրյակին ինչ ոգևորությունով ողջունում էինք եվրոպական «կոնտրոլյորներ» հաստատելու ծրագիրը թուրքահայ վիլայեթների մեջ և թե ինչպես երազում էինք «զեմստվոյական» ինքնավարություններ ստանալ անդրկովկասյան Հայաստանի համար… Բայց չէ՞ որ Մյասնիկյանի կամ Լուկաշինի կառավարությունը մի քիչ ավելի է, քան եվրոպացիների վերհսկողությունը թուրքահայ վիլայեթների վրա կամ «զեմստվոյական» հաստատություններն Անդրկովկասում :

Ցանկացած գնով երկրին ծառայելու պատրաստ առաջին վարչապետը 38-ին խոշտանգվեց հայկական բանտում: Մյասնիկյանի ու Լուկաշինի կառավարության շարունակողները չէին կարդում Քաջազնունու մտորումները երկրի որևէ փրկության մասին: Իսկ ինքը՝ առաջին վարչապետը, երազել էր նույնիսկ սալահատակել Երևանի փողոցները ու երկրի ազատգրմանը նվիրել է երկու որդիների կյանք:

Մյասնիկյանի ու Լուկաշինի հետնորդ վարչապետների համար այս երկու փաստը զառանցանք կթվար, կթվա…

Մեր առաջին վարչապետը ճարտարապետ էր, որն ուներ հաջողված կարիերա: Իմ մորական տատի եղբայրը՝ Տեր Ներսես Կարապետյանցը , 1907-ին Բաքվի կենտրոնում ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու նախագծած սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավագ քահանան էր: Մյասնիկյանի ու Լուկաշինի հետնորդների երկրում՝ նույն 1938-ին, երբ Երևանի բանտում հայերը խոշտանգեցին իրենց առաջին վարչապետին, Բաքվի բանտում հայերն ու ադրբեջանցիները խոշտանգեցին Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավագ քահանա Տեր Ներսես Կարապետյանցին :

Քաջազնունու նախագծած հայկական եկեղեցու տեղում խորհրդային տարիներին կառուցվեց Բաքվի կոնսերվատորիան :

Քաջազնունին կենսագրություն է, որտեղ կարող ես տեսնել «հայրենասիրություն», ինչպես ինքն է ասում «վարկաբեկված բառի» լավագույն դրսևորումը, ուղեղային մորմոքի դաժան հատվածներով ու իր ընտրած ճանապարհի արդյունքում խոշտանգված մի կյանք…

Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, վարչապետ…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: