2 փետրվար, 2016 12:28

Արդյունաբերությունն աճել է, արտահանումը նվազել

Screenshot 2016-02-02 12.17.352015թ. Հայաստանում արդյունաբերության արտադրանքի ծավալը աճել է 5,2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Սակայն զգալի անկում է գրանցվել արտահանման համար հեռանկարային համարվող մի շարք ոլորտներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշների մասին Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որը հրապարակվել է փետրվարի 1-ին:

Ըստ ԱՎԾ հրապարակած զեկույցի՝ 2015թ. արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 1,35 տրլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 5,2 տոկոսով:

Մշակող արդյունաբերության ոլորտում 2015թ. արտադրության ծավալները նվազել են 5,6 տոկոսով (802 մլրդ դրամ նախորդ տարվա 849,3 մլրդ-ի փոխարեն): Իսկ հանքարդյունաբերությունը գրանցել է 50,4 տոկոս աճ. արտադրության ծավալները կազմել են 290,4 մլրդ դրամ: Հատկանշական է, որ չնայած միջազգային շուկայում պղնձի գների անկմանը՝ պղնձի արդյունահանման ծավալները աճել են 64,1 տոկոսով՝ 2015թ. հասնելով 315,6 հազ. տոննայի՝ նախորդ տարվա 192,3 հազար տոննայի փոխարեն:

Արտահանման համար հեռանկարային համարվող ճյուղերից ամենամեծ անկումը գրանցել է ժամագործությունը՝ 38,2 տոկոս (692 մլն դրամ՝ նախորդ տարվա 1,1 մլրդ դրամի փոխարեն):

Արտադրության կրճատում է գրանցվել Հայաստանի արտահանման կարևոր նաև մյուս ոլորտներում՝ կոնյակագործությունում՝ 24,6 տոկոս (կազմելով 51,7 մլրդ դրամ), գինեգործությունում՝ 22,9 տոկոս (5,9 մլրդ դրամ): Կոնյակ արտադրող կազմակերպությունների՝ սպառման հիմնական շուկաներում արտադրանքի իրացման դժվարությունների հետ կապված ահազանգերը հաստատում են նաև վիճակագրական տվյալները: ԱՊՀ երկրներում կոնյակի իրացումը նվազել է 36,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ դրական տեղաշարժ են գրանցել դեղագործությունը՝ 25,1 տոկոս աճ (2015թ. կազմելով 7,5 մլրդ դրամ, նախորդ տարվա 6,0 մլրդ փոխարեն), ոսկերչությունը՝ 61 տոկոս աճ (17,6 մլրդ նախորդ տարվա 10,9 մլրդ դրամի փոխարեն): Սննդամթերքի արտադրությունը, հանդիսանալով արտահանման ծավալների տեսանկյունից երկրորդը (2015թ.՝ 22 տոկոս ընդհանուրի մեջ), գրանցել է 9 տոկոս անկում՝ կազմելով  280,2 մլրդ դրամ նախորդ տարվա 307,9 մլրդ-ի փոխարեն:

2009թ. ճգնաժամից և շինարարության ոլորտում 36,4 տոկոս անկումից հետո այս ոլորտը չի կարողանում վերականգնել աճի տեմպերը. 2015թ. շինարարությունում գրանցվել է ընդամենը 0,3 տոկոս աճ: Արտադրության ընդհանուր ծավալները կազմել են 457,2 մլրդ դրամ:

Հայաստանը, 2015-ի սկզբին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալում էր արտահանման ավելացում դեպի ԵՏՄ շուկաներ: Սակայն այս սպասելիքը չի իրականացել: Ավելին՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի իրացումը ընդհանրապես ԱՊՀ երկրներում նվազել է 17,4 տոկոսով, իսկ մնացած երկրներում, ընդհակառակը, աճել է 19,6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ 2015թ. արտահանման ծավալները կրճատվել են 3,9 տոկոսով, և այն 2011թ. կառավարության կողմից ընդունված ռազմավարությամբ սահմանված թիրախային նպատակը, ըստ որի՝ 2015թ. ընդհանուր արտահանման ծավալները պետք է տատանվեին 1,8-2,1 մլրդ դոլարի միջակայքում, իրականություն չի դարձել և կազմել է ընդամենը 1,5 մլրդ դոլար:

Նույն ռազմավարության համաձայն՝  կառավարությունը առանձնացրել էր արտահանման համար հեռանկարային 11 ոլորտ: Ինչպես երևում է ԱՎԾ-ի հրապարակված տվյալներից, 2015թ. այս ոլորտներից երեքում  գրանցվել է անկում՝ ժամագործություն՝ 38,2 տոկոս, կոնյակագործություն՝ 24,6 տոկոս և գինեգործություն՝ 22,9 տոկոս: Ենոք Հակոբյան