2 փետրվար, 2016 12:58

«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում խնդիր է նաև Վրաստանի համար»

Khidasheli SargsyanՏարածաշրջանային իրադրության ցանկացած ապակայունացում՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ այլ ուղղությամբ, Վրաստանի համար կլինի նույն մասշտաբի խնդիր, ինչ և հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար. նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

«Վրաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ նա ցանկանում է ապահովել տարածաշրջանային խաղաղությունը»,- վրացական Georgia Online կայքի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձևաչափով և ցանկացած ուղղությամբ, եթե դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Ցանկացած ապակայունացում՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ այլ ուղղությամբ, Վրաստանի համար կլինի նույն մասշտաբի խնդիր, ինչ և հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար: Ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում՝ մենք փնտրում ենք խաղաղություն և առավելագույն խաղաղ ուղիներ: Այս առումով մեր երկու երկրների դիրքորոշումները համընկնում են»,- նշել է Խիդաշելին:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ցանկացած թեմա, որը կծագի կողմերի միջև, կարող  է արագ լուծվել, եթե լինեն ուղիղ հաղորդակցության ուղիներ:

«Հենց դա էր այցի գլխավոր նպատակը»,- ասել է Թինաթին Խիդաշելին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու Թինաթին Խիդաշելին հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Փետրվարի 1-ին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Թինաթին Խիդաշելին Երևանում ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը: