10 փետրվար, 2016 20:53

ՀՅԴ-ի հետ համաձայնության մասին կհայտարարվի մինչև շաբաթվա վերջ

dashnaksԴաշնակցության հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն՝ կառավարման համակարգում միասնաբար հանդես գալու. ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ակնկալվում էր, որ փետրվարի 10-ին հրավիրված ՀՀԿ գործադիր մարմնի և դրան հաջորդած կուսակցության խորհրդի նիստերից հետո կհայտարարվի ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին, կհստակեցվեն կառավարությունում այն կադրային տեղաշարժերը, որոնք կկատարվեն կոալիցիա կազմելուց հետո։

«Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,- հայտարարեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ պաշտոնների հարցը հիմնականում հստակեցված է։ Նա նշեց, որ առաջիկայում Հայաստանի քաղաքական օրակարգում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասնական են հանդես գալու։ Շարմազանովը հայտարարեց, որ մամուլում հրապարակված տեղեկությունների մի մասը համապատասխանում է իրականությանը, մի մասը՝ չի համապատասխանում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՅԴ-ին է անցնելու երեք նախարարություն՝ արդարադատության, կրթության և գիտության, ինչպես նաև՝ տարածքային կառավարման, որն առանձնացվելու է արտակարգ իրավիճակների նախարարություններին: ՀՅԴ-ին կտրվեն նաև մի քանի մարզպետների պորտֆելներ:

Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտարարել է, որ կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: