10 փետրվար, 2016 17:06

Չենք անի որևէ բան, որ կվատթարացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

Russia MFAՌուսաստանի ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես դա կանդրադառնա Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, քանի որ «պայմանագրում շոշափվում են նաև Ադրբեջանի շահերը»:

«Այո, ԱԳՆ-ն ստացել է Պետդումայի մի շարք պատգամավորների առաջարկը՝ պայմանագիրը խզելու վերաբերյալ,- ասել է խոսնակը: - Կարող եմ ասել, որ տվյալ պահին հայցը պետք է քննվի՝ ինչ է կոնկրետ առաջարկվում: Ամեն ինչ կարվի սահմանված կարգով: Դեռ պետք է ուսումնասիրել նախաձեռնությունը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ապա, ըստ Մարիա Զախարովայի, «այդ երկրի հետ հարաբերությունները զարգանում են»:

«Մենք չենք անի որևէ բան, որը կարող է վատթարացնել հարաբերությունները. ընդհակառակը, կկենտրոնանանք այն բաների վրա, որոնք կարող են բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ «երկու երկրներին շատ բան է կապում բազմաթիվ ոլորտներում»:

Ավելի վաղ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը հանդես էին եկել նախաձեռնությանմբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկելով չեղյալ հայտարարել 1921թ. Թուրքիայի հետ կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Պատգամավորներն իրենց առաջարկու մատնանշել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։