10 փետրվար, 2016 11:46

Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան

big_df348ff847c42afcb2c22f0ec6863dc1ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Չինաստանում, Սինգապուրում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:

Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. փետրվարի 25-ին Երևանում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: Եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար:

1996թ. նշանակվել է փոխարտգործնախարար:

1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսում ՀՀ դեսպան: Համատեղության կարգով եղել է ՀՀ դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում:

2005-2010 թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: