10 փետրվար, 2016 10:40

Անկարան ԱՄՆ-ի դեսպանից պարզաբանումներ է պահանջել

John Bass Ջոն Բասը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն է 2014թ. հոկտեմբերից

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը փետրվարի 9-ին կանչվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու օրերս Պետքարտուղարության արած հայտարարության կապակցությամբ, որով Վաշինգտոնը հրաժարվել է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:

«ԱՄՆ-ի դեսպանին փոխանցվել է Թուրքիայի մտահոգությունը PYD-ի և դրա ռազմական թևի՝ YPG-ի [«Ժողովրդական պաշտպանության ուժեր» - ՍիվիլՆեթ] հարցում Վաշինգտոնի դիրքորոշման կապակցությամբ»,- հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրները:

Պաշտոնական Վաշինգտոնը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը ահաբեկչական չի համարում՝ հավելելով, որ ԱՄՆ-ին հայտնի է Թուրքիայի դիրքորոշումն այդ կուսակցության հարցում:

«Նույնիսկ ամենամտերիմ ընկերները կարող են միմյանց հետ համաձայն չլինել ամեն հարցում: Քուրդ մարտիկները Սիրիայում ԴԱԵՇ-ի [«Իսլամական պետության» արաբերեն հապավումը - ՍիվիլՆեթ] դեմ կռվող ամենահաջող ուժերից են»,- ասել է Քըրբին ճեպազրույցի ժամանակ:

Պետքարտուղարության խոսնակը հստակեցրել էր, որ «դա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը չի ցանկանում քննարկել Թուրքիայի մտահոգությունները»:

«Նրանք դաշնակից են [Թուրքիան], նրանք ընկեր են, նրանք գործընկեր են: Եվ ինչպես նշեցի, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել այդ գործընկերությունը»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը:

***

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ին սիրիական Քոբանի [գտնվում է PYD-ի վերահսկողության տակ - ՍիվիլՆեթ] բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելու համար: Էրդողանը Վաշինգտոնին կոչ էր արել ընտրել, թե ում է որպես դաշնակից ընդունում՝ Թուրքիային, թե «Քոբանիի ահաբեկիչներին»:

«Ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց: Ե՞ս եմ ձեր դաշնակիցը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- հարցադրում էր արել Էրդողանը:

Հունվարի 16-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ՝ Օբամայի բանագնաց Բրեթ Մակգուրկի գլխավորությամբ, մեկնել էին Քոբանի, որտեղ հանդիպում էին ունեցել քրդական ուժերի հետ:

Ինչպես տեղեկացնում են քրդական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է ԻՊ-ի դեմ պայքարը, Ժնևի բանակցություններն ու այդ հանդիպումներին քրդերի չմասնակցելու հարցը: Ըստ աղբյուրների՝ բանակցություններն արդյունավետ են եղել: Որոշ տեղեկություններով՝ Մակգուրկն անգամ այցելել է գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել YPG-ի զոհված մարտիկների հիշատակին:

Թուրքիան Սիրիայի քրդական կուսակցությունն ու դրա ռազմական թևը համարում է ահաբեկչական կառույցներ, որոնք, Անկարայի պնդմամբ, Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի [նույնպես ահաբեկչական է հռչակված Թուրքիայում - ՍիվիլՆեթ] ճյուղավորումներն են: