12 փետրվար, 2016 11:50

Արցախում հակառակորդի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

14527_bԱդրբեջանական դիպուկահարի գնդակից Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

«Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղրաբաղի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունը, թե իբր «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել», քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում:

ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է նաև, որ փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: