12 փետրվար, 2016 16:35

ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի` Գեորգի Կուտոյան

kutoyanԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:

2002թ. ավարտել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010 թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006 թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007 թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010 թթ.՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011 թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014 թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

1998-2000 թթ. զինվորական ուսուցում է անցել ՌԴ Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է: