12 փետրվար, 2016 10:43

Սիրիայում մեկ շաբաթից զինադադար կհաստատվի

Syria CeasefireՄյունխենում սիրիական հակամարտության հարցով կայացած բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում մեկ շաբաթվա ընթացքում զինադադար հաստատելու վերաբերյալ:

Երկու տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները շուրջ հինգ ժամ անցկացրել են բանակցությունների սեղանի մոտ՝ նախատեսվածից կրկնակի երկար: Կողմերը համաձայնության են եկել գրեթե բոլոր կարևոր հարցերի շուրջ՝ բացի մեկից՝ ահաբեկչական խմբավորումների ցանկը:

Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, առաջարկվող զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջաբհաթ Ալ Նուսրա» խմբավորումներին:

Քերիի տեղեկացմամբ՝ զինադադարն ուժի մեջ կմտնի մեկ շաբաթվա ընթացքում:

«Պարտավորությունները ամրագրված են թղթի վրա, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ դրանք կատարեն բոլոր կողմերը»,- ասել է Ջոն Քերին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին մտավախություն է հայտնել, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությունները կարող են միայն սրել հակամարտությունը:

Քերիի և Լավրովի բրիտանացի պաշտոնակից Ֆիլիպ Համոնդը նշել է, որ հրադադարը կպահպանվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի աջակցել Բաշար Ասադին՝ ավիահարվածներ հասցնելով Սիրիայում: