16 փետրվար, 2016 15:05

Կալաձեն Թեհրանում քննարկում է Վրաստանին իրանական գազի մատակարարման հարցը

Kaladze TehranՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով Թեհրանում է, որտեղ քննարկում է Իրանից Վրաստան բնական գազ մատակարարելու հնարավորությունը:

Կալաձեն բանակցություններ է վարել Իրանի փոխվարչապետի հետ և հայտարարել, որ հանդիպումները շարունակվելու են:

«Գազի հարցով ունենալու ենք մի քանի հանդիպում, քննարկելու ենք, թե որքան  մրցունակ կարող են լինել գները: Իրանից բնական գազի մատակարարումը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով»,- Interpressnews կայքը մեջբերում է Կալաձեին:

Վրաստանի էներգետիկայի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպումների ընթացքում դիտարկվելու է նաև տարբեր էներգետիկ նախագծերի իրականացման հարցը:

Ավելի վաղ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները մտորում են նոր էներգետիկ աղբյուրների շուրջ, և այդ կապակցությամբ բանակցություններ են վարում այլ երկրների գազային ընկերությունների հետ:

Ներկայում Վրաստանը գազի 88 տոկոսը ստանում է Ադրբեջանից, 12 տոկոսը՝ Ռուսաստանից՝ որպես Հայաստանին մատակարարվող գազի տարանցման դիմաց վճար:

Փետրվարի 12-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ համագործակցությունն Իրանի հետ կխթանի տարածաշրջանի զարգացումը, և կնպաստի, որ Վրաստանը կապող օղակ դառնա Եվրոպայի և Ասիայի միջև:

***

Արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ նավթի շուկա:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի պնդմամբ՝ իր երկիրը պատրաստվում է առաջիկայում ավելացնել նավթի արդյունահանումը օրական 500 հազ. բարելով. կես տարվա ընթացքում այդ ցուցիչը կարող է կրկնապատկվել: Ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում է 2,9 մլն բարել նավթ: