16 փետրվար, 2016 14:35

Ընտրակեղծարար ուսուցչուհին կշարունակի դասավանդել

school N104Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը երկու այլ անձնանց փոխարեն քվեարկած Երևանի թիվ 104 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանը կշարունակի դասավանդել դպրոցում։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց դպրոցի տնօրեն Հայկանուշ Նիկոյանը։

«Նա իր պատիժը արդեն օրենքով նախատեսված կարգով ստացել է»,- ասաց նա։

Հարցին, թե նորմալ է համարում, որ ընտրակեղծարար ուսուցիչը շարունակի աշխատել դպրոցում, Նիկոյանը պատասխանեց.

«Դուք ինձ մի քիչ էդ հարցերով մի ծանրաբեռնեք, նորմալ է, ոչ նորմալ է, օրենքը գտել է խախտում, օրենքը պատժել է իրեն, դրանով մեր խոսակցությունը համարենք ավարտված»։

Երևանի թիվ 104 դպրոցում առաջին անգամ չէ, որ ընտրախախտումներ են կատարվում։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ  դպրոցի տնօրենը երեխաներին պարտադրել էր դպրոց ներկայացնել բնակության վայրից տեղեկանք և ծնողների անձնագրերի պատճենները։ Տնօրեն Նիկոյանը պարզաբանել էր, թե իբր պատճենները հարկավոր են աշակերտների անձնական գործերում տեղադրելու համար։ Մինչդեռ Կրթության և գիտության նախարարությունից հայտնել էին, թե նման կարգ չկա, դպրոց ընդունվելու համար ծնողի անձնագրի պատճենն անհրաժեշտ չէ։

Դպրոցի տնօրենից փորձեցինք ճշտել, թե ինչը կարող էր լինել ուսուցչուհու նման արարքի դիմելու դրդապատճառը։ «Չեմ կարող ասել»,- ասաց Նիկոյանն ու անջատեց հեռախոսը։

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 դպրոցի ուսուցչուհի, 1/05 տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Աթայանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 15-ին դատապարտեց 600  հազար դրամ տուգանքի։ Դատաքննությունը անցավ արագացված կարգով, առանց գործում եղած ապացույցների ուսումնասիրության և առանց վկաների հարցաքննության։ Աթայանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին։