17 փետրվար, 2016 16:47

Անվտանգ ենք եկեղեցում, վտանգված՝ հավաքներում. զեկույց

baghramyan5-e1435167659337ՀՀ քաղաքացիներն ամենաշատն իրենց ապահով են զգում եկեղեցիներում, իսկ ոչ անվտանգ վայր են համարում զանգվածային, մարդաշատ միջոցառումների վայրերը. այս մասին է վկայում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը:

Զեկույցը, որի նպատակն է հաշվարկել իրավապահ մարմինների` ոստիկանության, դատախազության ու դատարանների կամայականության համաթիվը և ոստիկանության վստահության համաթիվը, հիմնված է Հայաստանի տարբեր մարզերում ապրող 1200 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների վրա:

Հարցումներն իրականացվել են 2015թ. օգոստոսին՝ 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում:

Եթե գործունեության գնահատման հիմքում դրված համաթվերից որևէ մեկը 0-ից մեծ է, նշանակում է` կան դրական միտումներ, իսկ եթե 0-ից ցածր է, նշանակում է, որ գերակշռում են բացասական գնահատականները։

Այսպես, հարցումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանության վստահության համաթիվը 42 է, ինչը նշանակում է, որ առկա են դրական միտումներ։ Իրավապահ մարմինների կողմից կամայականությունների ընդհանուր համաթիվը կազմել է 1, ինչը նվազագույն դրական ցուցանիշ է։ Ըստ մարզերի բաշխվածության` կամայականության ցուցանիշն առավել բացասական է Սյունիքի մարզում, այնուհետև Երևանում. ցուցանիշներն առավել դրական են Վայոց ձորի մարզում։

Զեկույցում նշված է, որ քաղաքացիների նկատմամբ անօրինական գործողություններ առավել շատ կիրառվում են Սյունիքի, Արագածոտնի մարզերի ու Երևանի իրավապահների կողմից։ Հարցվածների 29,3 տոկոսը կարծում է, որ իշխանությունները իրավապահ մարմիններին օգտագործում են որպես ընդդիմությանը ճնշելու միջոց։

Քաղաքացիների անհանգստության մակարդակը ստուգելու համար նրանց հարց է ուղղվել` Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է։ Հարցվածների 61,3 տոկոսը կարծիք է հայտնել, որ այդ թիվն աճել է. 16,8 տոկոսը նշել է, որ այն նվազել է։

Հարցվածների 49,7 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ ոստիկանության համակարգում ընթացող փոփոխություններից։

«Եթե դուք կամ ձեր մտերիմները հանցագործության տուժող դառնայիք, ըստ առաջնահերության` ու՞մ կդիմեիք» հարցին, քաղաքացիների 81,6 տոկոսը պատասխանել է՝ ոստիկանությանը, ապա ծանոթներին ու մարդու իրավունքների պաշտպանին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցն ամբողջությամբ` այստեղ: