17 փետրվար, 2016 14:27

Նավթի «սառեցում». ինչ են մտածում արդյունահանողները

Oil FreezeՆավթ արդյունահանող երկու խոշորագույն երկրները՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, փետրվարի 16-ին համաձայնել են սառեցնել նավթի արդյունահանման ծավալները հունվարյան մակարդակում: Համաձայնությանը միացել են նաև Վենեսուելան և Կատարը, սակայն պայմանավորվածության հաջողությունը կախված է Իրանից, Իրաքից և մյուս խոշոր նավթ արյդունահանողներից, գրում է Bloomberg-ը:

«Կարևոր է, որ նախաձեռնությանը միանան մյուս երկրները, քանի որ նավթի արդյունահանման մակարդակի սառեցումը ենթադրում է շուկայի սեփական բաժնեմասի կորուստ՝ այն դեպքում, երբ ոչ բարեխիղճ մրցակիցները շարունակում են նավթի արդյունահանումը առավելագույն ծավալներով: Մյուս կողմից, եթե բոլորը շարունակեն դեմպինգ կիրառել (ապրանքի վաճառք շուկայական միջին մակարդակից զգալիորեն ցածր գնով - ՍիվիլՆեթ), նավթի գինը կնվազի մինչև 10 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը ձեռնտու չէ ոչ ոքի: Անհրաժեշտ է հավասարակշռության կետ փնտրել»,- հավելում է Vesti Finance-ը:

Ինչ են մտածում նավթ արդյունահանող երկրները ծավալների սառեցման մասին՝ ստորև:

Իրան

Անցյալ ամիս պատժամիջոցներից ազատված Իրանը չի հրաժարվի շուկայի իր բաժնեմասից. այսպիսի հայտարարություն է արել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որն այսօր Թեհրանում հանդիպում է ունենալու Իրաքի և Վենեսուելայի իր պաշտոնակիցների հետ:

Իրանը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) հինգերորդ խոշորագույն արդյունահանողն է: Հունվարի դրությամբ երկիրը արդյունահանել է օրական 2,86 մլն բարել, ինչը մեկ մլն բարելով պակաս է, քան 2010թ.՝ ԱՄՆ-ի և Եվրամիության խիստ սահմանափակումներից առաջ:

Այս տարի Իրանը մտադիր է արդյունահանման իր օրական ծավալներն ավելացնել մեկ մլն-ով:

Իրաք

OPEC-ի երկրորդ խոշորագույն արդյունահանող Իրաքը պատրաստ է միանալ Սաուդյան Արաբիայի՝ արդյունահանումը սառեցնելու նախաձեռնությանը, ասել է իրաքցի պաշտոնյա, որը չի ցանկացել բացահայտել իր անունը:

Հունվարի վերջին Իրաքի նավթի նախարարը ակնարկել էր, որ քվոտաների կրճատման գաղափարը հուշել է Սաուդյան Արաբիան, որը լրջորեն դիտարկում է այդ հարցը: 2010թ. Իրաքն արդյունահանել է օրական 2,4 մլն բարել, իսկ ընթացիկ տարվա հունվարին արդյունահանման ծավալները հասցրել է 4,37 մլն բարելի:

Քուվեյթ

Քուվեյթը OPEC-ի երրորդ խոշորագույն նավթ արդյունահանողն է: Քուվեյթի էներգետիկայի նախարարության անանուն աղբյուրները հայտնել են, որ կմիանան Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի  համաձայնությանը: Քուվեյթը պատրաստ է ֆիքսել արդյունահանումը օրական 3 մլն բարելի մակարդակում: Քուվեյթական աղբյուրների տվյալներով՝ համաձայնությունը կտևի երեք ամիս, որոնց ընթացքում OPEC-ը գնահատելու է շուկայի արձագանքը:

Սաուդյան Արաբիա

Քուվեյթցի գործընկերների խոսքերը հաստատում է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ Նաիմին: Նա հայտարարել է, որ սառեցման շուրջ համաձայնությունը շուկայի կայունացման միջոցների գնահատման բարդ գործընթացի սկիզբն է:

«Մեզ բոլորիս հարկավոր է կայուն գին»,- խոստովանել է Ալ Նաիմին:

Կատար

«Անմիջական շփումներ կսկսենք մյուս խոշոր արդյունահանողների, այդ թվում՝ Իրանի և Իրաքի հետ»,- հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար Մոհամեդ բին Սալեհ ալ Սադան երեկ Դոհայում կայացած հանդիպումից հետո:

Կատարը, որպես համեմատաբար չեզոք դիտորդ, նավթի արդյունահանման մակարդակի սառեցման շուրջ համաձայնության կատարմանը հետևելու հանձնառություն է ստանձնել:

Կատարի նավթի արդյունահանման ծավալները բավական փոքր են, նա զբաղեցնում է OPEC-ի վերջին տեղերից մեկը, սակայն այդ երկիրը բնական հեղուկացված գազի արտահանման առաջատարն է, և քանի որ բնական գազի գները կապված են նավթի գների հետ, Դոհայի շահագրգռվածությունը տվյալ դեպքում ակնհայտ է:

Ռուսաստան

Ռուսաստանը, որպես համաձայնությունը նախաձեռնած կողմ, պատրաստ է ֆիքսել նավթի արդյունահանումը. անհրաժեշտ է, որ մյուս երկրները նույնպես միանան համաձայնությանը: Ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ կարևոր է՝ Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվածություններին հետևելու երաշխիքներ տրամադրեն:

Հունվար ամսվա դրությամբ Ռուսաստանն արդյունահանել է օրական 10,9 մլն բարել նավթ, ինչը հետխորհրդային ռեկորդ է:

Վենեսուելա

Նավթային ճգնաժամից ամենաշատը տուժել է լատինամերիկյան այս երկիրը: Միայն նրան է դեֆոլտ սպառնում, մինչդեռ մյուս արտադրողները հիմնականում մտահոգվում են միայն արժութային պահուստների հյուծում թույլ չտալու մասին: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ գնաճն այս տարի Վենեսուելայում կարող է հասնել 720 տոկոսի:

Ադրբեջան

Ադրբեջանն իր արդյունահանման ծավալները սառեցնելու մտադրություն չունի, հայտարարել է երկրի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբասովը:

Bloomberg-ի տվյալներով՝ դեկտեմբերին Ադրբեջանն արդյունահանել է օրական 794 հազ. բարել նավթ:

Նորվեգիա

Նորվեգիան արձանագրել է, որ չորս երկրներ պայմանավորվել են նավթի արդյունահանման մակարդակը սառեցնելու շուրջ, սակայն Օսլոն չի մասնակցել այդ բանակցություններին, հայտարարել է Նորվեգիայի նավթի և էներգետիկայի նախարարը: Վերջինիս խոսքով՝ ակնկալվում է, որ այս տարի նավթի արդյունահանման մակարդակն առանց այն էլ կնվազի՝ 2015-ի համեմատ:

***

OPEC-ը հիմնադրվել է 1960թ.: Ներկայում կազմակերպության անդամ են Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Կատարը, Լիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը, Անգոլան: