19 փետրվար, 2016 12:27

Ադրբեջանը վճարում է Իսրայելում հակահայկական լոբբինգի համար. թեժ բանավեճ Կնեսետում

Liberman 2 Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մեղադրվել է Ադրբեջանից նվերներ ստանալու մեջ:

Փետրվարի 17-ին Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնը մեղադրել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին և նրա «Իսրայել՝ մեր տուն» աջակողմյան կուսակցությանը «Ադրբեջանի կառավարության գործակալ լինելու» և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևից փող ստանալու մեջ՝ հակահայկական լոբբինգ իրականացնելու նպատակով, գրում է իսրայելական Haaretz կայքը:

Քննարկման մասին Զեհավա Գալյոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կնեսետը քվեարկել է օտարերկրյա գործակալների օրինագծի օգտին, որն առաջարկել էր Ռոբերտ Իլատովն ու «Իսրայել՝ մեր տուն» (ԻՄՏ) խմբակցությունը: Դա ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի ամենավատ տարբերակն է, որը պիտակավորում է օտարերկրյա պետություններից ֆինանսավորվող ձախակողմյան կազմակերպությունները: Դուք կարող եք գուշակել, թե ինչ եմ կարծում այդ նախաձեռնության մասին, սակայն եթե Իլատովը որոշել է օրինագիծն անվանել «օտարերկրյա գործակալների մասին օրենք», եկեք խոսենք իսկական օտրարերկրյա գործակալների մասին:

Երկար տարիներ ԻՄՏ կուսակցությունը նվերներ է ստանում Ադրբեջանի կառավարությունից՝ մի երկրի, որտեղ արդեն 13 տարի է՝ ազատ ընտրություններ չեն անցկացվել: Դրա դիմաց կուսակցության անդամները առաջ են տանում Ադրբեջանի շահերը Իսրայելում: Ահա ադրբեջանական վարչակարգի և Ավիգդոր Լիբերմանի ու նրա թիմակիցների սերտ կոռուպցիոն հարաբերությունների մի քանի օրինակ:

Երկու տարի առաջ «Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիան» կազմակերպել էր համաժողով Ադրբեջանի անկախության 22-ամյակի առթիվ: Գլխավոր բանախոսը արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն էր: Համաժողովը ֆինանսավորում էր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը (SOCAR), որին, Լիբերմանի առաջարկով, տրված է Իսրայելի ափերին նավթ և գազ արդյունահանելու իրավունք:

Ես ստուգել եմ՝ ով է կանգնած այդ ասոցիացիայի հետևում, և պարզվել է, որ այն ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը: Կազմակերպությունը գլխավորում են ԻՄՊ-ի առաջնորդները:

Նավթի և գազի արդյունահանման հարցում Լիբերմանի շռայլ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը միայն մեկ օրինակ է: Պարսավանքի արժանի մեկ այլ օրինակ է Լիբերմանի անխոնջ գործունեությունը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու ուղղությամբ: Ադրբեջանի համար դա կարևոր է Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճի համատեքստում»:

Ինչպես գրում է իսրայելցի պատգամավորը, այս օրինակները «սառցալեռան գագաթն են», սակայն բավարար են հետաքննություն սկսելու համար, և այդ հարցով Գալյոնն արդեն դիմել է կառավարության իրավական խորհրդատուին: