19 փետրվար, 2016 13:56

Սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը Հայաստան. Մայր Աթոռ

Pope_Francis2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Մայր Աթոռ Սբ Էջմիածին. այս մասին հայտարարվել է փետրվարի 16-18-ը Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի` ընդլայնված կազմով ժողովի ընթացքում:

Այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան սպասվող այցի մասին մամուլը տևական ժամանակ է, ինչ գրում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2014թ. սեպտեմբերին Հռոմի պապին պաշտոնապես հրավիրել էր 2015թ. այցելել Հայաստան: Համաձայն նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության` Ֆրանցիսկոս պապն ընդունել էր հրավերը՝ վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան։

Վերջին շրջանում մամուլում նշվում էին Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի հնարավոր տարբեր ամսաթվեր, այդ թվում` 2016թ. ապրիլը: Անցյալ շաբաթ իտալական La Stampa թերթը գրել էր, որ Վատիկանն աշխատում է Հռոմի պապի՝ Հայաստան հնարավոր այցի կազմակերպման ուղղությամբ: Պարբերականը նշել էր, որ այցի նախնական ժամկետ էր սահմանվել հունիսը, սակայն այդ ժամանակահատվածում Կրետեում կայանալու է ուղղափառ եկեղեցիների սինոդը, ուստի այցը, ամենայն հավանականությամբ,տեղի է ունենալու սեպտեմբերին: La Stampa-ն գրել էր նաև, որ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում կանգառներ են նախատեսվում նաև Վրաստանում և Ադրբեջանում:

Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան. 2001թ. Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: