19 փետրվար, 2016 12:43

Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինությունների ցանկը

1368438985_smersh_2Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը փետրվարի 18-ին հրապարակել է Ռուսաստանի և Հայաստանի միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը:

Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զարհամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:

Սպառազինությունների ցանկը կարող է փոխվել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 10-ին:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է մատակարարման յուրաքանչյուր պայմանագրի մինչև 90 տոկոս ֆինանսավորման համար` ռուսական ռուբլով վերահաշվարկով:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 200 մլն պետական արտահանման վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել էր 2015թ. հունիսի 26-ին` ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: