19 փետրվար, 2016 13:40

Ռուսաստանը Ադրբեջանին կասկածում է թուրքական լոլիկ վերաարտահանելու մեջ

Tomatoes Russia TurkeyՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», Ադրբեջանին կասկածում է թուրքական լոլիկ վերաարտահանելու մեջ:

«Թուրքիայից բուսաբուծական ապրանքների արտահանում թույլ չտալու հարցում Իրանի և Ադրբեջանի պարտավորությունների կատարումն ստուգելիս պարզել ենք, որ հունվարին Ադրբեջանը հնգապատկել է լոլիկի մատակարարման ծավալը»,- Interfax գործակալությանն ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Գործակալության համար անհասկանալի է, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվել այդքան կտրուկ ավելացնել լոլիկի արտահանման ծավալը:

Ընդ որում, բուսասանիտարական հավաստագրերում ադրբեջանական ծառայությունը հաստատում է, որ արտադրանքը ադրբեջանական է:

«Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանի իշխանություններին տվյալ հարցով նամակ է հղել, և Դանկվերտը չի բացառում, որ ստուգումներ անցկացնելու նպատակով ՌԴ-ն տեսուչներ ուղարկի Ադրբեջան՝ վերաարտահանման ուղին փակելու համար:

Միևնույն ժամանակ, Իրանից եկող ապրանքների ստուգումը ցույց է տվել, որ այդ երկիրը կատարում է իր պարտավորությունները Թուրքիայից բուսաբուծական ապրանքների վերաարտահանում թույլ չտալու հարցում:

Ադրբեջանը, սակայն, հերքում է, որ թուրքական լոլիկ է արտահանում Ռուսաստան:

Ադրբեջանի Բուսասանիտարական վերահսկողության պետական ծառայության պետ Ջամալ Գուլիևն ասել է, որ Ադրբեջանը լոլիկի ներկրման ծավալները չի ավելացրել, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները նույնպես չեն մեծացել:

«2015թ. դեկտեմբերին Թուրքիայից Ադրբեջան է ներկրվել 23,6 տոննա լոլիկ, հունվարին՝ ընդամենը 127,9 տոննա (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25 տոկոս նվազում)»,- Trend գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գուլիևը՝ նշելով, որ բնական է՝ ադրբեջանցի ձեռնարկատերերը ձգտում են օգտվել ՌԴ շուկայում ստեղծված հնարավորություններից:

Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալների աճը ադրբեջանցի պաշտոնյան պայմանավորել է նաև մանաթի արժեզրկմամբ:

Հունվարի 1-ից արգելվել է Թուրքիայից բանջարեղենի, մրգի և բազմաթիվ այլ ապրանքների ներմուծումը Ռուսաստան: