19 փետրվար, 2016 11:05

Մոսկվան ԼՂ կարգավորման ձևաչափը փոխելու կարիք չի տեսնում. ՌԴ ԱԳՆ

брифинг-LJEI4WffԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոյություն ունեցող և ճանաչված ձևաչափը փոխելու հարցը պետք է լուծեն այդ ձևաչափի մասնակիցները. տվյալ պահին Մոսկվան դրա անհրաժեշտությունը չի տեսնում. այս մասին փետրվարի 18-ի ճեպազրույցին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ակտիվ աշխատել ՄԽ ձևաչափում և օժանդակել խնդրի լուծմանը:

«Գոյություն ունեցող ձևաչափը հաստատված է, հանրաճանաչ և շատ հարցերում արդյունավետ է: Իհարկե, բոլորը կցանկանային մեծ արդյունքներ, սակայն այն [ձևաչափը - խմբ.] աշխատում է: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դա պետք է որոշեն տվյալ ձևաչափի մասնակիցները»,- ասել է Մարիա Զախարովան:

Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու կամ ԼՂ հակամարտության կարգավորումը այդ ձևաչափից այլ հարթակներ տեղափոխելու ջատագովն Ադրբեջանն է: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, և որ այս ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են ու բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Համանախագահները ևս քանիցս նշել են, որ Մինսկի խումբը մնում է ԼՀ հակամարտության կարգավորման բանակցությունների համար միակ ընդունելի ձևաչափը: