19 փետրվար, 2016 10:42

Հայաստանի Հոլոդոմորը. մաս 2

Օլեքսանդր Բոժկոն: Օլեքսանդր Բոժկոն:

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն անդրադարձել է մեր հրապարակմանը (Հայաստանի Հոլոդոմորը), որում, մեջբերելով Վիկիլիքսի հեռագրերից մեկը, պատմել էինք 2008-ի աշնանը արձանագրված դիվանագիտական տհաճ միջադեպի մասին, մեր կողմից հավելելով, որ Ցեղասպանություն ապրած ժողովրդին, անգամ այդ ժողովրդի լրատվամիջոցներից մեկին, վայել չէ ծաղրել Հոլոդոմորը, Հոլոքոստը կամ որևէ այլ ժողովրդի զանգվածային բնաջնջում:

Նախքան հարգարժան դեսպանի անդրադարձը ամբողջությամբ մեջբերելը, նշենք, որ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ամբողջությամբ վերցրել էր մեր հրապարակումը, տեղադրել իր տիրույթում՝ իմ «Հայաստանի Հոլոդոմորը» վերնագիրը փոխել- դարձնելով «ԱԱԾ-ն 2008-ին հարձակվել էր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի վրա Սովամահը նշելու նրա փորձի համար»:

Իսկ հիմա մեջբերեմ դեսպան Բոժկոյի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայ բարեկամներ, չէի ուզենա անդրադառնալ այս թեմային, որովհետև իմ կյանքում աշխատում եմ վատ բաներ չհիշել: Բայց այս հրապարակումից հետո ստիպված եմ դա անել՝ ամեն ինչ ճշտելու համար:

Բանն այն է, որ հիշված հարձակումից անմիջապես առաջ, շաբաթ օրն ինձ հրավիրել էին Հայաստանի արտգործնախարարություն: Դա ինձ համար շատ անսպասելի էր: Նախ, որ շաբաթ էր, արտգործնախարարությունը չէր աշխատում: Հետո, որ բարևելուց անմիջապես հետո, փոխնախարարը բավականին կոշտ ձևով է պահանջել ինձնից, որ Ուկրաինայի դեսպանությունը չանցկացնի Ուկրաինայում 1932-33 թվականներին Սովասպանդի զոհերին նվիրված հուշերեկոն, որ պետք է տեղի ունենար Երևանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում եկող երկուշաբթի օրը: Պատճառն այն էր, որ երեկոն իբր թե կարող էր կրել հակառուսական բնույթ:

Ես ստիպված էի բացատրել իմ հայ գործընկերոջը, որ երեկոն անցկացնելու հարցը ես անձամբ համաձայնեցրել եմ հենց արտգործնախարարությունում շատ ժամանակ առաջ: Հետևաբար, հրավերքներն արդեն ուղարկված են և երկու օրվա ընթացքում դժվար կլինի դրանց հետ կանչել:

Բացի այդ, երեկոյին խոսք պետք է լինի ոչ թե ռուսական, այլ 1932-33 թվականներին սովետական իշխանությունների ոճրագործության մասին: Հիշեցրել եմ նաև փոխնախարարին, որ Ուկրաինան ըմբռնումով էր մոտենում հայերի ողբերգությանը՝ 1915 թ. Թուրքիայում հայերի ցեղասպանությանը: Եվ մի դեպք չի եղել, որ մեր իշխանությունները խոչընդոտեին ուկրաինահայերին այդ ողբերգական տարելիցը նշելու համար: Հենց այդ պատճառով լրիվ անհասկանալի է,- շարունակում էի ես,- որ Հայատանը դեմ է, որպեսզի տեղի ուկրաինացիները դեսպանության հետ միասին նշեն ուկրաինական ժողովրդի այդ ողբերկության 75-ամյակը, որ նշվել է աշխարհով մեկ, այդ թվում Ռուսաստանում...

Այս ոչ հաճելի խոսակցությունից հետո հաջորդ օրը մենք տեղի ուկրաինական համայնքի հետ միասին անցկացրել ենք հուշերեկոյի գլխավոր փորձը, իսկ երբ ես դրանից հետո վերադարձա տուն, հանկարծ հայտնաբերեցի, որ Ուկրաինայի դեսպանի նստավայրը իմ բացակայության ժամանակ հարձակման է ենթարկվել: Իմ անձնական իրերը ջարդված-պատառոտված էին, թափված էին հատակին, կարծես ցուցադրաբար, ոտնակոխած էին սպիտակեղենը, շապիկները, ջարդված էին ներսի ապակիներն ու հայելին: Զարհուրելի պատկեր էր, պետք է ասեմ:

Դեսպանության անվտանգության գծով սպայի հետ հեռախոսով մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն: Չնայած նստավայրը Բաղրամյանի կենտրոնական պողոտայից երկու քայլի վրա էր, մոտ մեկ ժամ ոստիկանությունը չէր գալիս, և եկել է միայն Հայաստանի անվտանգության ծառայություն մեր զանգահարելուց հետո: Եվ ամենակարևորը. թե՛ ոստիկաններին, թե՛ անվտանգության ծառայության աշխատողներին մենք միանգամից ասել ենք, որ թող ի զուր ջանքեր չթափեն, որովհետև դա, ըստ ամենայնի, քաղաքական սադրանք է:

Եվ դրա հեղինակն, ըստ նրա թողած ձեռագրի, ամենից շուտ, ուրիշ երկրի հատուկ ծառայություն է, որ նպատակ ունի նախազգուշացնելու, վախեցնելու Ուկրաինայի դեսպանությանը 1932-33 թթ. Սովասպանդի զոհերին նվիրված Երևանում անցկացվելիք հուշերեկոյից առաջ: Կամ գուցե բացասական ստվեր գցել դրա վրա՝ սկանդալային լուրեր տարածելով դեսպանության շուրջ: Այդ իսկ պատճառով, ես խնդրել եմ իմ աշխատակիցներին ոչ մի տեղեկություն չտալ միջադեպի մասին ո՛չ հայկական, ո՛չ էլ ուկրաինական ԶԼՄ-ներին:

Այդպես էլ եղել է:

Երեկոն մենք, այնուամենայնիվ, անցկացրել ենք, թեկուզ և ոչ մի հայ պաշտոնյա դրան չի մասնակցել:

Ավելին՝ հայկական պաշտոնական առաջին հեռուստալիքը «կրկես» է անվանել այդ հուշերեկոն, որին ամբողջ Հայաստանից եկած ուկրաինացիները նրանց հայ բարեկամների հետ միասին հիշում էին արհեստական սովից մահացած միլիոնավոր անմեղ մարդկանց:

Սա ցավալի և ամոթալի մի ամբողջ պատմություն է, որին ես չէի ուզում անդրադառնալ այս տարիներին և որի մասին չի գրել ոչ մի հայկական կամ ուկրաինական լրատվամիջոց 2008 թ. աշնանը: Եվ միայն Վիկիլիքսի պատճառով դա պատահմամբ հայտնի է դարձել: Բայց քանի որ իմ ամերիկացի նախկին գործընկերուհին միշտ չէր, որ ուշադիր էր լսում նրա զրուցակիցներին, թյուրիմացություն է ստացվել, որ ես այդ սադրանքի մեջ մեղադրում էի Հայաստանի հատուկ ծառայություններին: Չեմ կարծում: Այնպես, ինչպես Հայաստանի փոխարտգործնախարարը դժվար թե իր կամքով էր պահանջում ինձնից չանցկացնել հիշված հուշերեկոն Երևանում»:

***

Ահա սա է դեսպան Բոժկոյի արձագանքը մեր հրապարակմանը:

Ամեն ինչ ասված է:

Մեզ մնում է կրկնել նախորդ հրապարակման մեջ ասվածը. Ցեղասպանություն ապրած ժողովրդին, անգամ այդ ժողովրդի լրատվամիջոցներից մեկին, վայել չէ ծաղրել Հոլոդոմորը, Հոլոքոստը կամ որևէ այլ ժողովրդի զանգվածային բնաջնջում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: