24 փետրվար, 2016 18:57

Գժերը բուժվում են, մարդասպանները՝ չէ

Վարդգես Գասպարին բանակի խնդիրների կապակցությամբ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց, 2012թ. Վարդգես Գասպարին բանակի խնդիրների կապակցությամբ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց, 2012թ.

Հոգեբուժության հատկապես ո՞ր կետով տարաք Վարդգես Գասպարիին:

Իսկ երբ մեկույոթանասուն հասակներդ հագներդ ճկվում եք մինչև «Լինսի» հիմնադրամով սարքած ասֆալտն ու մի էնպիսի ժպիտով նայում ձեզ կիրառողին, ինչպես գարնանը ասֆալտի ճաքի միջից դուրս եկած ձնծաղիկ, դա հոգեպես, անշուշտ, առողջ ապրելակերպ է: Դուք առողջ եք ու անարդարության կոյուղում պառկելով՝ բողոք արտահայտողին տանում եք հոգեբուժարան: Դուք ձեզ քծնելիս տեսե՞լ եք կողքից, այնքան անհնար սոսկալի եք, որ ձեր գյուղերից բերած ու ձեզնով ապրող, քաղաքներում հայթայթած, շոփինգ անող ձեր համեստ կուրտիզանուհիներն անգամ կզզվեին ձեզնից այդ պահին: Ո՞ւմ եք տանում հոգեբուժարան: Նրան, ով բղավում է Մուկուչյանի վրա՝ ասելով, թե երբ մեզ նվաստացնում էին տեղամասերում, ինչու մի ձայն չէիր հանում:

Ձեր պապերը սրանից մի քանի տասնամյակ առաջ մեր պապերին տարել են հոգեբուժարան ու բանտերում խոշտանգել: Գիտե՞ք, որ հենց այդ պատճառով է, որ բոլոր հանքերով, դղյակներով, բանկերով հանդերձ դժբախտ եք, ու դժբախտ են ձեր զավակները: Որովհետև կարգին մարդկանց կյանքի գին կա ձեր հայրերի ու պապերի շնորհիվ ձեր գլխին, ու ոչ մի փող ու հանք ձեզ երջանիկ չի սարքելու:

Գասպարին դուրս կգա, չի գժվի: Եթե մինչև հիմա չի գժվել ամեհի որկորներով ձեր գժանոցում:

Վարդգես Գասպարին մեր միջի ամենաադեկվատ մարդն է, որովհետև լուրջ դեմքով կուլ չի գնում մետրյոթանասուն բոյերով սխալմունքներին, որոնք այնպես են քծնում, կարծես թե չեն քծնում: Ձեր էդ արձակած անձրևանոցներով, իբր մտազբաղ, իբր մտախռիվ, իբր բազմազբաղ միայն մի բան եք անում կատարյալ` իջնում, փոքրանում, հեզանում, վախենում, լղոզվում եք գուցե հասակով ձեզնից փոքրերին, բայց տվյալ պահին ձեր կոստյումների թևերի արանքից մատներով ձեզ խաղացնողներին: Վարդգես Գասպարին պառկում է գետնին, որովհետև իրականում միայն դա կարելի է անել երկրում, որտեղ սպանվածը մեղադրվում է սպանվելու մեջ, իսկ սպանողին դարձնում են մարզպետ, համալսարանի խորհրդի նախագահ, իսկ մյուս «վաստակաշատն» էլ ասում է. «Նա դեռ չբացված պոտենցիալ ունի»: Հենց միայն գետնին պառկել կարելի է այն երկրում, որին դրսերում դուք եք ներկայացնում ու ձեր չկարդացած գրքերի, չունեցած դաստիարակության, չստացած գուրգուրանքի աղետը թափում գիրք կարդացածների, մանկություն տեսածների ու դաստիարակություն ստացածների վրա:

Փորփրե´ք բոլորդ ձեր հայրերի ու պապերի կենսագրությունները: Ոչ այն կենսագրությունները, որ պատմել են ձեզ «խրուստալի» բաժակները խփելու պահին, այլ այն իրականները: Մտածե´ք`ով են եղել, որտեղ են աշխատել, քանի մարդու վրա են զրպարտություն գրել, քանի կին են ծեծել, թողել որբ մանկահասակ երեխաներին, քանիսին են անձամբ խոշտանգել: Չէ՞ որ ի վերջո ողջ են այդ մարդկանց սերունդները: Հաստատ ողջ են այդ մարդկանց սերունդները: Ավելին՝ բազմացել են: Ու հաստատ դրանցից շատերին տեսնում եք էկրաններից ու տհաճություն զգում: Քանի հոգեբույժ է տանջել առողջ մարդկանց, ու այսօր նրանց սերունդներն են ապրում մեզ հետ նույն քաղաքում, հաստատ նաև ղեկավարում: Դրա համար ոչինչ չի ստացվում:

Հանել եք հին ձևերը մեջտեղ: Բռնոտում եք, ծեծում եք, վախեցնում եք, հիմա էլ՝ հոգեբուժարան:

Վախեցեք միայն մի բանից` այս չարիքը ձեր սերունդների վրա է ծանրանում: Հաստատ: Մի´ զարմացեք, որ այդքան հնարավորությունների մեջ երջանիկ չեք լինում: Այդպես ձեր պապերը փչացրին ձեր հնարավոր երջանկությունը իրենց գործած մեծ չարիքներով: Հիմա դուք եք անում նույնը:

Վարդգես Գասպարին Երևանի ամենաադեկվատ մարդն է, որովհետև միայն նա ասաց, որ այս պայմաններում լուրջ դեմքով ինչ-որ բան անելը խելագարություն է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: