29 փետրվար, 2016 10:41

Լեոնարդո դի Կապրիոն «Օսկար» ստացավ

Di CaprioԱմերիկյան կինոակադեմիան լավագույն դերասան է ճանաչել Լեոնարդո դի Կապրիոյին՝ «Վերապրածը» ֆիլմի համար:

Հենց այս անվանակարգի շուրջ է ծավալվել գլխավոր ինտրիգը. բուքմեքերները խաղադրույքներ էին ընդունում, թե արդյոք կհաղթի դի Կապրիոն, որն արդեն հինգ անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն մինչ օրս ոչ մի մրցանակ չի ստացել:

Տարվա ֆիլմ է ճանաչվել Թոմաս ՄակՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ժապավենը: Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմի համար, լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար:

Այս տարվա մրցանակաբաշխությանը նախորդել է աղմկահարույց սկանդալ՝ կապված այն հանգամանքի հետ, որ թեկնածուների ցանկում չկար և ոչ մի աֆրոամերիկացի: Արդյունքում ռեժիսորներն ու դերասանները կոչ են արել բոյկոտել մրցանակաբաշխությունը:

Բացի այդ, միջոցառումից առաջ կարմիր գորգի մոտ անցկացվել է բողոքի ակցի՝ ընդդեմ կինոյում ռասսայական խտրականության: Կինոակադեմիան ավելի վաղ արդեն խոստացել էր վերանայել իր կազմը՝ նման միջադեպերից խուսափելու համար:

«Օսկար» մրցանակը շնորհվում է 1929թ-ից: Հաղթողներին ընտրում են ամերիկյան կինոակադեմիայի անդամները, որոնց թիվը ավելի քան հինգ հազար է: Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում: