29 փետրվար, 2016 09:08

Ռուսական զենքով սպառազինվող Ադրբեջանը բողոքում է Ռուսաստանին

Russian jets, GyumriՓետրվարի 25-ին և 26-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները երկու հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլը չի մանրամասնել, թե որոնք են եղել հեռախոսազրույցների մանրամասները: Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախօրեին Բաքուն բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ Ռուսաստանից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կապակցությամբ, ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների առանցքում եղել է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը:

Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, հրապարակել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը, որով Հայաստանը ռուսական զենք է գնելու: Ըստ համաձայնագրի` Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զարհամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:

Թեև մանրամասնորեն հրապարակվել է Հայաստանի կողմից ձեռք բերվելիք ռուսական սպառազինությունների ցանկը, Բաքուն Մոսկվային հղած բողոքի նոտայում ընդգծել է, որ Երևանը «խախտում է ստանձնած միջազգային պարտավորություններն ու թափանցիկության սկզբունքը»: Բացի այդ, Հայաստանին ռուսական սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը «չի նպաստում հակամարտության կարգավորմանը»:

«Հայաստանին նման հարձակողական բնույթի սպառազինությունների և տեխնիկայի վաճառքին ադրբեջանական հանրությունը բացասաբար է արձագանքում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ «Բաքուն Մոսկվայից երաշխիքներ է ակնկալում, որ այդ զենքն ու ռազմական տեխնիկան Հայաստանը չի տեղակայի գրավյալ տարածքներում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը ուշացնել չտվեց. Սերգեյ Լավրովի մամուլի խոսնակը հայտարարեց, որ Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունը Երևանի հետ թափանցիկ է՝ միջազգային բոլոր պարտավորությունների պահպանմամբ, զենքի մատակարարման հարցերում Ռուսաստանը անվերապահորեն պահպանում է ստանձնած պարտավորություններն ու գործում արտահանման վերահսկողության ազգային համակարգի շրջանակում:

«Մենք ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով արդեն հասցրել ենք համապատասխան տեղեկատվությունը: Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն: Դա հանրահայտ փաստ է: Բացի այդ, մենք այդ համագործակցությունը վարում ենք թափանցիկ՝ այն չթաքցնելով: Ընդ որում՝ ցանկացած սպառազինության մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին մեր կողմից իրականացվում է՝ մանրակրկիտ կերպով հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը:

Հայաստանը դեպի Ադրբեջան ռուսական զենքի մատակարարումների հարցով երբեք բողոքի նոտա չի հղել Մոսկվային:
Չնայած այն իրողությանը, որ վերջին տարիներին Ադրբեջանը հենց Ռուսաստանից է գնել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ, Բաքուն բողոքում է ընդամենը 200 մլն դոլարի ռուսական մատակարարումները Հայաստանին: Այս քայլով, անկասկած, Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել Ռուսաստանից:

Հայաստանը դեպի Ադրբեջան ռուսական զենքի մատակարարումների հարցով երբեք բողոքի նոտա չի հղել Մոսկվային: Ժամանակ առ ժամանակ հայ ռազմական պաշտոնյաները, այդ թվում պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, հրապարակային մտահոգություն են հայտնել, որ Մոսկվան համարժեք պատասխան չի տալիս, երբ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ շրջանները՝ սպանելով խաղաղ բնակչությանը: Ավելին, բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը, բոլորի համար զարմանալի կերպով, ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը և ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին բացատրեց Մոսկվա-Բաքու երկկողմ առևտրային շահերով:

Փետրվարի 22-ին սպառազինությունների առքուվաճառքի և տեղաշարժերի հարցով աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) հրապարակեց իր տարեկան զեկույցը, ըստ որի 2011-2015 թվականներին Ռուսաստանի զենքի արտահանումների շուրջ 5 տոկոսը բաժին է հասել Ադրբեջանին: Վերջին հինգ տարիներին՝ համեմատած նախորդ հնգամյակի՝ 2006-2010-ի հետ, Ադրբեջանը ավելի քան կրկնակի ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը, հիմնականում՝ Ռուսաստանից:

Բացի այդ, SIPRI-ի տվյալներով, Ադրբեջանը գլխավորում է Եվրոպայում 2011-15 թվականներին ամենաշատ զենք ներմուծած երկրների ցանկը, ընդ որում՝ իր զինանոցի 80 տոկոսը Բաքուն հենց Ռուսաստանից է ձեռք բերում:

Հասկանալի պատճառներով՝ պաշտոնական Երևանը չի կարող բողոքի նոտա հղել Մոսկվային կամ օգտագործելով միջազգային ամբիոնները, չի կարող հավելյալ ուշադրություն հրավիրել ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ծանր սպառազինություն մատակարարելու իրողությանը: Նման բողոքներով և հայտարարություններով Հայաստանը ոչ միայն չի կարող կանխել ռուսական հետագա մատակարարումները Ադրբեջանին, այլև հավելյալ լարվածություն կստեղծի հայ-ռուսական հարաբերություններում, որից օգտվողը լինելու է հենց Ադրբեջանը:

Փոխարենը, Հայաստանը պետք է ունենա մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին համապատասխանող բանակ, որը ամեն պահի պատրաստ կլինի ցավալի և զսպիչ հարվածներ հասցնել Ադրբեջանին ամեն անգամ, երբ վերջինս կփորձի ակտիվություն դրսևորել Հայաստան-Ադրբեջան սահմանում կամ Արցախ-Ադրբեջան զորքերի շփման գծում:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի կեսերին Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի իր ելույթում հայտարարեց. «Հայաստանի անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու նպատակով: «Սանձահարում/զսպումը» Հայաստանի դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական: Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Հայաստանը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: