1 մարտ, 2016 15:43

Իրանում անցած ընտրություններում կանայք մեծ հաղթանակ են գրանցել. Al-Monitor

Iran WomenԻրանում անցած խորհրդարանական ընտրություններում նշանակալի հաղթանակ են գրանցել ոչ միայն բարեփոխականները, այլև կանայք, գրում է Al-Monitor կայքի սյունակագիր Նարգես Բաջօղլին:

Նա նշում է, որ նախնական տվյալները վկայում են, որ նոր խորհրդարանում կանանց թիվը կրկնակի ավելի շատ է, քան հին գումարման խորհրդարանում:

Չնայած բազմաթիվ ընտրատեղամասերում քվեները չեն հաշվարկվել՝ հստակ է, որ կանանց թիվը կհասնի առնվազն 22-ի: Այս պահի դրությամբ կանայք խորհրդարանում կունենան 15 տեղ, նրանցից 14-ը բարեփոխական են,- գրում է Բաջօղլին:

Ինչպես նշում է հեղինակը, խորհրդարանի գենդերային դեմքը փոխելու համար շարժումը սկսվել է նոյեմբերին, երբ տարբեր կանանց իրավունքների խմբերի նախաձեռնությամբ քարոզարշավներ են կազմակերպվել՝ նոր խորհրդարանում կանանց թիվը 100-ի հասցնելու ուղղությամբ:

Արդյունքում որպես պատգամավորի թեկնածու է գրանցվել կանանց ռեկորդային թիվ՝ 1234՝ ընդհանուր 12123-ից: Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 6200 թեկնածուներից 586-ը կանայք էին: Բանիմիացների խորհրդի ընտրություններում թեկնածություն է առաջադրել 16 կին, սակայն բոլորը որակազրկվել են խորհրդի կողմից:

Կին խորհրդարանականներից մեկը Al-Monitor-ի հետ զրույցում կարևորել է, որ ընտրություններում հաղթած կանայք ունեն տարբեր կրթություն, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ներգրավվել խորհրդարանի ամենատարբեր հանձնաժողովներում, մասնավորապես, Պլանավորման և բյուջետային հանձնաժողովում, որը երբեք կին անդամ չի ունեցել:

Քաղաքականության և մշակույթի ոլորտներում կանանց ավելի լայն ներգրավվածության օգտին ավելի վաղ հանդես էր եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Փետրվարի 8-ին ելույթ ունենալով«Կանայք, զսպվածություն և զարգացում» խորագրով համաժողովին՝ Ռոհանին հայտարարել է, «անցել են այն ժամանակները, երբ խիստ ընդդիմություն կար ընտրություններում կամ հեռուստատեսությունում կանանց մասնակցության նկատմամբ»:

«Մենք դեմ ենք ֆեմինիզմին, սակայն դեմ ենք նաև մոլեռանդությանը»,- ասել է Ռոհանին: 

Իրանում անցած ընտրությունները ՍիվիլՆեթի տաղավարում վերլուծել է իրանագետ Աննա Գևորգյանը: Նրա խոսքով՝ կանայք այս ընտրություններում ռեկորդային արդյունք են գրանցել: