1 մարտ, 2016 15:12

Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը

g_image (1)Փետրվարի 27-28-ին Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին, որն այս տարի տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մասնակցությանն աջակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Հայ-ամերիկյան բիզնես-խորհուրդը:

«Այցելուներին ներկայացվել է Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:

Հայկական տաղավարը ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել է Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկել են Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ:

LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնել է լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: