1 մարտ, 2016 12:50

Վրաստանն ակնկալում է ադրբեջանական գազի ծավալների ավելացում

Azeri Gas Georgia TurkeyՎրաստանը ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալների շուրջ պայմանավորվածության հասնելու հույս ունի. այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, որը փետրվարի 29-ին Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցք» Խորհրդատվական խորհրդի նիստին:

Կալաձեի խոսքով՝ Վրաստանն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ է վարում «Շահ Դենիզ» կոնսորցիումի հետ՝ ադրբեջանական գազի մատակարարման ծավալներն ավելացնելու վերաբերյալ:

«Կարծում եմ՝ մի քանի օրից կհամաձայնեցնենք այս հարցը, և Ադրբեջանից լրացուցիչ ծավալներ ստանալու հնարավորություն կլինի»,- «Գրուզիա օնլայն» կայքը մեջբերում է Կալաձեին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում վրաց նախարարը ռուսաստանյան «Գազպրոմի» և Վրաստանի բանակցությունները անվանել է «սովորական, առօրյա գործընթաց»: 

«Մենք ստանում ենք 10 տոկոս նրա համար, որ անցկացնում ենք ռուսական գազը, և ամեն տարի թարմացնում ենք պայմանագիրը: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեզ կապում են երկարամյա բարեկամական կապեր: Ցավոք՝ որոշ ուժեր օգտվում են նման պահերից, որպեսզի փչացնեն հարաբերությունները երկրների միջև, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,- հայտարարել է Կալաձեն:

Ադրբեջանի և Վրաստանի միջև էներգետիկ նախագծերի իրականացումը քննարկվել է նաև Կախա Կալաձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Զրուցակիցներն, ըստ հաղորդագրությունների, գոհունակություն են հայտնել համատեղ նախագծերի ընթացքի առթիվ և շեշտել, որ առաջիկայում նույնպես կհամագործակցեն որպես ռազմավարական գործընկերներ:

Այն մասին, որ Ադրբեջանը կարող է ավելի շատ գազ մատակարարել Վրաստանին, հայտարարել է նաև ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Ինչպես տեղեկացնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, Աբդուլաևն ասել է, որ եթե նախկինում Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանին մատակարարվում էր տարեկան մոտ 800 մլն խմ գազ, ապա ներկայում ծավալները կարող են հասցվել 1,5 մլրդ խմ-ի:

«Շահ Դենիզ հանքավայրից լրացուցիչ 500-700 մլն խմ գազ ստանալու համար կան բոլոր հնարավորությունները: Մենք կարող ենք օգտագործել այդ գազի մի մասը Ադրբեջանում, ինչպես նաև մատակարարել Վրաստանին ու Թուրքիային»,- ասել է Աբդուլլաևը:

Վրաստանի բանակցություններն Իրանի հետ

Փետրվարի կեսին Կախա Կալաձեն Թեհրանում էր, որտեղ բանակցություններ է վարել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ էներգետիկ և այլ հարցերի շուրջ:

Կալաձեի իրանական այցի ընթացքում պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելիի, հայտարարել է, որ Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում Վրաստանին 200 մլն խմ իրանական գազի մատակարարման շուրջ, և տարանցման ուղին, ըստ հայտարարությունների, Հայաստանն է լինելու: Իրանցի պաշտոնյան ասել է, որ Վրաստանը «դեռ պետք է ստանա Հայաստանի թույլտվությունը հարևան այդ երկրի տարածքով գազի տարանցում իրականացնելու համար»:

Քամելիի այս հայտարարությանը հետևել է Թբիլիսիի արձագանքը:

«Վրաստանը դեռ որոշում չի կայացրել իրանական գազի տարանցման վերաբերյալ, քանի որ գազի մատակարարման տեսանկյունից Վրաստանի համար ռազմավարական դաշնակից է Ադրբեջանը»,- ասել է էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ իրանական գազը ավելի թանկ է, քան ռուսականը կամ ադրբեջանականը:

«Եթե չհաջողվի ամբողջությամբ յուրացնել ադրբեջանական ռեսուրսը գնի և ծավալների առումով, բնականաբար, Իրանը դիտարկվում է որպես հավելյալ հնարավորություն: Իրանական գազը տվյալ պահին ավելի թանկ է, քան ադրբեջանականն ու ռուսականը»,- նշել է Վալիշվիլին:

Ադրբեջանական մամուլը վրաց-իրանական բանակցություններն անմիջապես որակել է «Թբիլիսիի դավաճանություն Բաքվի նկատմամբ»: Ադրբեջանական թերթերը հիշեցրել են անցյալ տարվա նոյեմբերին Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարությունը, թե Ադրբեջանն ունի գազի այնքան մեծ պաշարներ, որ կարող է «անգամ 100 տարի անց բավարարել ոչ միայն սեփական, այլև հարևանների և Եվրոպայի գազի պահանջները»:

Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ

Թբիլիսին ներկայում բանակցություններ է վարում նաև «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության հետ: Անցյալ տարեվերջից «Գազպրոմի» և Վրաստանի ներկայացուցիչների միջև կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը:

Հունվարին Կախա Կալաձեն հայտարարել է, որ ռուսաստանյան «Գազպրոմ» գազային հսկան վերջնագիր է ներկայացրել վրացական կողմին՝ պահանջելով, որ Վրաստանը գազի տարանցման դիմաց վճարը ստանա ոչ թե հումքով, այլ փողով:

***

Վրաստանը տարեկան սպառում է մոտ երկու մլրդ խմ բնական գազ: Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է:

Geostat վրացական ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2014թ. ընթացքում Վրաստանը Շահ Դենիզ-1 հանքավայրից գնել է 250 մլն խմ գազ 55 դոլարով և 500 մլն տոննա՝ Շահ Դենիզ-2 հանքավայրից՝ 64 դոլարով: Բացի այդ, Վրաստանը 2008թ. Ադրբեջանի հետ կնքել է համաձայնագիր, որի համաձայն՝ արտոնյալ պայմաններով գնում է 500 մլն խմ գազ («սոցիալական գազ») բնակչության համար՝ 189 դոլարով հազար խմ-ի դիմաց:

Վրաստանը ստանում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 12 տոկոսը՝ որպես տարանցման դիմաց վճար:

Փետրվարի  սկզբին նավթի և գազի պաշարների հետազոտմամբ և արդյունահանմամբ զբաղվող Frontera Resources միջազգային ընկերության ղեկավար Սթիվ Նիքանդրոսը հայտարարել է, որ Վրաստանում հայտնաբերվել են 5 տրլն խմ գազի պաշարներ: Նրա խոսքով՝ «3-5 տարուց Վրաստանը բնական գազ կմատակարարի Թուրքիային և Արևելյան Եվրոպային»: Նիքանդրոսի տեղեկացմամբ՝ հանքավայրը գտնվում է Արևելյան Վրաստանում: