2 մարտ, 2016 14:59

Կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկողին պատժել միայն ազատազրկմամբ. Մարուքյան

EDMON-MARUKYAN-Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

Համաձայն Մարուքյանի տարածած հաղորդագրության` նախագծի մշակման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում` վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազ-ից 600 հազ. դրամի չափով տուգանք: «Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նշում է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից, և իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում:

«Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը, և որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ: