2 մարտ, 2016 15:22

«Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ին «տասնամյակներով կապում է անցանկալի գործընկեր» Ադրբեջանի հետ

Հարավային գազային միջանցքը նոր էջ է բացում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում. Մոգերինի Հարավային գազային միջանցքը նոր էջ է բացում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում. Մոգերինի

Փետրվարի 29-ին Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստը, որին ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵՄ երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիին և ԵՄ՝ էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, նախարարներ Թուրքիայից, Վրաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ներկայացուցիչներ:

Նիստի ընթացում Իլհամ Ալիևը նշել է, որ նախագծի իրագործումը է՛լ ավելի կընդլայնի համագործակցությունը Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների միջև:

««Հարավային գազային միջանցք» նախագիծը 21-րդ դարի պատմական նախագիծ է»,- APA գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ալիևը` նշելով, որ ՀԳՄ-ն կփոխի Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

Ադրբեջանը, ի դեմս էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի, հավաստիացրել է, որ Ադրբեջանը ՀԳՄ-ի իր բաժնեմասը ֆինանսավորելու խնդիր չի ունենա:

Տրանսադրիատիկ գազատարի (TAP) գործադիր տնօրեն Յեն Բրեդշոուն տեղեկացրել է, որ TAP-ի շինարարությունը կսկսվի այս տարվա մայիսի վերջին - հունիսի սկզբին:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խոստացել է, որ Թուրքիան նախկինի պես քաղաքական և տնտեսական աջակցություն կցուցաբերի TANAP-ին:

«Թուրքիան վճռական է «Հարավային գազային միջանցք» իրագործման հարցում: Այն կարող է նշանակալի ներդրում ունենալ տասը տարի առաջ Եվրամիության նախաձեռնած՝ էներգամատակարարման երթուղիների անվտանգության և բազմազանացման քաղաքականության մեջ»,- ասել է Ալբայրաքը:

Իր հերթին Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՄ-ն գնահատել է որպես Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր էջ:

««Հարավային գազային միջանցքն» ավելին է, քան էներգամատակարարման բազմազանացում և ԵՄ էներգետիկ անվտանգություն: Դա նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական կապերի ընդլայնում է»,- Եվրամիության պաշտոնական կայքը մեջբերում է Մոգերինիին:– Եկել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում նոր էջ բացելու ժամանակը»:

Էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն իր հերթին գնահատել է ընթացող քննարկումների արդյունավետությունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում այս նախագծի հետ կապված առաջընթաց է նկատվում:

British Petroleum ընկերությունը, ի դեմս տարածաշրջանային գրասենյակի նախագահ Գորդոն Բիրելի, հայտարարել է, որ նախագիծը Եվրոպային թույլ կտա էներգետիկ նոր աղբյուր ձեռք բերել և ստեղծել նոր աշխատատեղեր:

Մինչդեռ Natural Gas Europe կայքը, որը լուսաբանում և վերլուծում է Եվրոպայի էներգետիկ շուկան, նկատում է, որ չնայած՝ նախագծում ընդգրկված բոլոր կողմերի ցուցաբերած քաղաքական աջակցությանը, Բաքվի նիստին գրանցվել է միջազգային ֆինանսական համայնքի ներկայացվածության ցածր մակարդակ:

«Հրավիրվածների ցանկում ներառված էին Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն կառույցները նիստին ներկայացված էին տարածաշրջանային գրասենյակների ղեկավարների մակարդակով»,- նշում է կայքը:

Մի՛ ֆինանսավորեք «Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ի փողերով. Euractiv

Ադրբեջանի պաշտոնական լուսանկարներում ցուցադրված հնարավորությունները չպետք է փակեն Եվրոպայի առաջնորդների աչքերը երկրի խորացող ավտորիտարության վրա, Euractiv կայքում գրում է Counter Balance ՀԿ-ների դաշինքի տնօրեն Խավիեր Սոլը:

«Նահանջ տարիները լինում են տասնամյակը երկու անգամ, սակայն «Հարավային գազային միջանցքի» պես նախագծեր լինում են կյանքում մեկ անգամ»,- գրում է Սոլը:

Ֆինանսական հզոր ներդրումներ պահանջող և բնապահպանական ու աշխարհաքաղաքական լուրջ ռիսկեր պարունակող նախագիծն, ըստ հեղինակի, Եվրահանձնաժողովը որակել է փոխշահավետ նախագիծ:

«Գազատարի արևմտյան հատվածը, որը հայտնի է որպես Տրանսադրիատիկ գազատար (TAP), պետք է 2 մլրդ եվրո ստանա Եվրոպական ներդրումային բանկից: Արևելյան հատվածի համար (TANAP), որն անցնելու է Թուրքիայի տարածքով, տրամադրվելու է 1 մլրդ եվրոյի վարկ»,- նշում է կայքը:

Euractiv-ի սյունակագիրը գրում է, որ ռուսաստանյան գազի այլընտրանք հանդիսացող ՀԳՄ-ն ԵՄ-ին տասնամյակներով կապում է նրա միջազգային «ամենաանցանկալի գործընկերներից մեկի՝ Ադրբեջանի հետ»:

Խավիեր Սոլը հիշեցնում է 2015թ. նոյեմբերին Ադրբեջանում անցած ընտրությունները, որոնք, ըստ նրա, հաստատել են կառավարության ոչ թափանցիկ և ոչ հաշվետու լինելը, անդրադառնում  երկրում տիրող մարդու իրավունքների վիճակին, այս համատեքստում՝ այլախոհների հետապնդումներին ու ազատազրկումներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություններին, անդրադառնում անցյալ տարվա սեպտեմբերին Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևին, որով այդ երկրի իշխանություններին կոչ է արվել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին:

«Իրավիճակը Ադրբեջանում գնալով ավելի անհուսալի է դառնալու. նավթի գները կտրուկ անկում են ապրելու, Ալիևի ռեժիմն էլ շարունակելու է քամել կրճատվող պաշարները՝ տնտեսական ճգնաժամը կարգավորելու համար՝ հարուցելով է՛լ ավելի մեծ դժգոհություն: Այն, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակին Եվրամիությունը չի վերաբերվել ավելի մեծ ուշադրությամբ, վկայում է Եվրոպական հարևանության քաղաքականության ձախողման մասին, որը մինչ այժմ աչք է փակել Ալիևի խախտումների ու հանցանքների, լուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ անցկացնելու դժկամության, իր ընտանիքի ու մերձավորների քաղաքական ու տնտեսական արտոնություններն ամրապնդելու ցանկության վրա:

ԵՄ-ի շահերից է բխում որպես հարևան ունենալ ժողովրդավար Ադրբեջան, որը հարգում է օրենքի գերակայությունը, սակայն «Հարավային գազային միջանցքը» չի օգնի հասնել այս նպատակին»,- եզրակացնում է սյունակագիրը:

«Գազպրոմը» Հարավային Եվրոպային նոր գազատար է առաջարկում

Բաքվում կայացած «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստից ընդամենը մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ ռուսաստանյան «Գազպրոմ», իտալական Edison SpA և հունական DEPA SA ընկերությունները գազի մատակարարումների վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

Ըստ հայտարարությունների՝ հուշագրի նպատակն է կազմակերպել ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարման հարավային երթուղին: Այդ նպատակով կողմերը մտադիր են օգտագործել աշխատանքների արդյունքները, որոնք անցկացրել են Edison-ը և DEPA-ն ITGI Poseidon նախագծի շրջանակում (Թուրքիա-Հունաստան-Իտալիա):

ITGI (Interconnector Turkey — Greece — Italy)  գազատար է, որը նախատեսվում է «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակում՝ Թուրքիայից Հունաստանի տարածքով դեպի Իտալիա:

Poseidon-ը «Հարավային գազային միջանցք» նախագծի ծովային հատվածն է՝ Թուրքիայից Հունաստանի տարածքով դեպի Իտալիա: Այն անցնելու է Հոնիական ծովի հատակով և կապելու է Հունաստանի և Իտալիայի գազատրանսպորտային համակարգերը:

Վերլուծաբանները կարծում են, որ  Սև ծովի հատակով անցնող նոր նախագծի նպատակն է շրջանցել Թուրքիային, և երրորդ երկրների տակ հուշագրում կողմերը նկատի ունեն Բուլղարիային: 2015թ. նոյեմբերի 24-ից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել էին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը, Ռուսաստանը դադարեցրել է բանակցությունները Անկարայի հետ՝ «Թուրքական հոսք» նախագծի շուրջ:

Ավելին՝ Բաքվի նիստի նույն օրը՝ փետրվարի 29-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, որը, Interfax գործակալության փոխանցմամբ, զեկուցել է, որ Իտալիայի և Հունաստանի իշխանություններն աջակցում են Poseidon նախագծին:

Այս կապակցությամբ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները գրել են, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, լրջորեն մտահոգված է «Հարավային գազային միջանցք» նախագծով և այն մրցակցային է համարում՝ հաշվի առնելով փաստը, որ Հարավային Եվրոպա ռուսական գազի մատակարարման երկու նախագծերը («Հարավային հոսք» և «Թուրքական հոսք») տարբեր պատճառներով խափանվել են:

Տեղեկանք

«Հարավային գազային միջանցքը» Եվրամիության համար առաջնահերթ նախագիծ է, որով նախատեսվում է Կասպից ծովից 10 մլրդ խմ ադրբեջանական գազ մատակարարել Եվրոպային: Նախատեսվում է մինչև 2019թ. TANAP (Տրանսանատոլիական գազատար) և TAP (Տրանսադրիատիկ գազատար) խողովակաշարերի համակարգ կառուցել ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով դեպի Իտալիայի հարավ: Գազատարի թողունակությունը տարեկան 10 մլրդ խմ է: Նախագծի հայտարարված արժեքն է 45 մլրդ դոլար:

Ստելլա Մեհրաբեկյան