3 մարտ, 2016 12:41

Կառավարությունը հավանություն տվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

Election1Կառավարությունը մարտի 3-ի նիստին հավանության արժանացրեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով օրենսգրքի նախագիծը, հայտարարել է, որ նոր օրենսգրքով անցում է կատարվելու համամասնական ընտրակարգի: Բացի Երևանից` այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Հարությունյանը նաև ծանոթացրել է էլեկտրոնային եղանակով քվեարկության ընթացքին: Որպես առավելություն` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշել է այն, որ Ազգային ժողովում ազգային փորքամասնությունները ունենալու են չորս ներկայացուցիչ: Նա նաև ասել է, որ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո արված դիտարկումներն ու առաջարկությունները:

Դավիթ Հարությունյանի խոսքով` նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ առաջարակ չի մնալու առանց ուշադրության:

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը:

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ-ին ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր:

Այն, սակայն, հանրությանը հասանելի դարձավ միայն մարտի 2-ին` կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում: Փետրվարի 22-ին նոր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը տեղադրվել էր Վենետիկի հանձնաժողովի կայքում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն մտահոգություն էր հայտնել գործընթացի օրինականության վերաբերյալ` ուշադրություն հրավիրելով հանգամանքի վրա, որ հրամանագրի պահանջը չի կատարվել, և պատասխանատու մարմինները՝ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մինչև նշված ժամկետը չեն ներկայացրել նոր Ընտրական օրենսգիրքը:

«Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը: Մասնավորապես, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016թ. փետրվարի 23-ի պատասխան-գրությամբ տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը գտնվում է մշակման փուլում, և աշխատանքներն ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման և հասանելի կլինի կայքում: Մինչդեռ, դրա նախորդ օրը՝ փետրվարի 22-ին, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում արդեն տեղադրվել էր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: Միաժամանակ, նախագծի մշակման համար պատասխանատւո կառույցները և պաշտոնյաները խուսափել են մասնակցել 2016թ. փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը և տեղեկացնել օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի մասին»- նշել էր «Թրանսփարենսին»:

Նոր Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծություններին կարող եք ծանոթանալ այստեղ: