3 մարտ, 2016 14:56

Սերժ Թանգյանը անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին

serj-tankianԱշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գյումրիի անօթևանների խնդրին: Նա տեղեկացրել է, որ իրազեկող հաղորդագրություն է ստացել տնակային պայմաններում ապրող ընտանիքներին ուղղված դրամահավաքի նախաձեռնողներից մեկից:

Թանգյանը գրել է, որ կարծում է` սա լավ գաղափար է` նախաձենված արվեստագետի և ակտիվիստների կողմից:

«Մենք նույնպես դիտարկել ենք Գյումրիում մարդկանց ոչ բավարար կենցաղային պայմանները և աշխատում ենք օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- գրել է երաժիշտը:

Նա կոչ է արել օգնել Գյումրիի անօթևաններին:

1988-ի երկրաշաժից 28 տարի անց Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել վագոն-տնակներում: Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նախաձեռնել է դրամահավաք՝ ծանր պայմաններում ապրող տասներեք ընտանիքների տնով ապահովելու համար: Դրամահավաքի վերջնաժամկետը մարտի 22-ն է:

Հայկ Բարսեղյանի հայրը` հրապարակախոս Լևոն Բարսեղյանը, ֆեյսբուքի իր էջում այսօր տեղեկացրել է, որ 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նվիրում է երկու բնակարան` 2-3 սենյականոց, մասնակի կահավորած:

Նախաձեռնությանը օրեր առաջ բարեգործական համերգով միացել էր Տիգրան Համասյանը:

Ավելի վաղ` փետրվարի սկզբին, երկրաշարժից շուրջ երեք տասնամյակ անց տնակներում բնակվող ընտանիքիների թեմային հաղորդում էր նվիրել կատարական «Ալ Ջազիրա» հեռուստատեսության անգլալեզու ալիքը:

ՍիվիլՆեթի` դրամահավաքի մասին պատմող տեսանյութը` ստորև: