7 մարտ, 2016 16:27

Բաքուն և Թբիլիսին խոսում են «օրինակելի կապերի» և «ռազմավարականից բարձր գործընկերության» մասին

Ադրբեջանի հետ ունենք օրինակելի կապեր. Միխեիլ Ջանելիձե Ադրբեջանի հետ ունենք օրինակելի կապեր. Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն օրինակելի կապեր. այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Միխեիլ Ջանելիձեն:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպմանը վրաց և ադրբեջանցի նախարարները առանձնահատուկ ընդգծել են համագործակցությունը էներգետիկ ոլորտում. անդրադարձ է եղել օրերս Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին, որով Բաքուն Թբիլիսիին կմատակարարի գազի հավելյալ ծավալներ և կտրամադրի սոցիալական գազի զեղչ:

Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ բարձր մակարդակի այցելությունները մեծ նշանակություն ունեն, և այդ համատեքստում կարևորել անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թբիլիսի:

«Պլանավորվում է մեր նախագահի այցը Ադրբեջան»,- ասել է Ջանելիձեն:

Մամեդյարովն իր հերթին ասել է, որ Վրաստանը ավելին է, քան ռազմավարական գործընկեր:

Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսին Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ իր պաշտոնակցի հետ քննարկվել է ԼՂ հակամարտությունն ու իրավիճակը Հարավային Օսիայում և Աբխազիայում: Մամեդյարովի խոսքով` Ադրբեջանն ու Վրաստանը համակարծիք են տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարցում:

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակում տեղի ունեցող զարգացումները, համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, անդրադարձել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն և երկու երկրների միջև սահմանազատման հարցին:

«Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանը կազմում է 480 կմ, որից 314-ն արդեն համաձայնեցված է: Անհրաժեշտ է առաջ տանել այդ հարցը»,- ասել է Մամեդյարովը:

Միխեիլ Ջանելիձեն հույս է հայտնել, որ մինչև հաջորդ հանդիպումը այդ հարցը կլուծվի: