7 մարտ, 2016 18:35

Հարձակումը Zaman-ի վրա` Թուրքիայում մամուլի ազատության «սև օր» և «վհուկների որս»

Zaman1Կառավարությունը որևէ դերակատարություն չունի Feza մեդիա խմբում [ներառում է Թուրքիայում ամենամեծ վաճառքն ունեցող Zaman օրաթերթը, Today’s Zaman պարբերականն ու Cihan լրատվական գործակալությունը - ՍիվիլՆեթ]  արտաքին կառավարում մտցնելու հարցում. մարտի 6-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` արձագանքելով մարտի 4-ին թերթի խմբագրությունում ոստիկանության անցկացրած օպերացիային և ի աջակցություն թերթի խմաբգրակազմի անցկացրած բողոքի ցույցին, որի ընթացքում իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

«Մեր կառավարությունը առնչություն չունի դրա հետ: Դատական մարմինների կայացրած որոշումները կյանքի կկոչվեն»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` ասել է Թուրքիայի վարչապետը` վստահեցնելով, որ դա «միանգամայն իրավական գործընթաց է»

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա Թուրքիայում մամուլի ազատության հարցում»,- հայտարարել է Դավութօղլուն:

Ինչպես փոխանցում է Today’s Zaman կայքը, մարտի 4-ին Feza մեդիա խմբի կառավարումը Ստամբուլի դատարանի որոշմամբ հանձնվել է դատարանի կողմից նշանակված երեք-հոգանոց խորհրդի կառավարմանը:

Որոշումն ընդունվել է դատախազության խնդրանքով, որը պնդում է, որ մեդիա խումբը գործում է «ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության/զուգահեռ պետության հրամաններով» [Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ-ում բնակվող ազդեցիկ իսլամական քարոզիչ է և Հիզմեթ շարժման հիմնադիրը: Էրդողանի երբեմնի համախոհ Գյուլենը վերջին շրջանում դարձել է նրա մոլի քննադատը: Էրդողանը նրան անվանում է դավաճան - ՍիվիլՆեթ]: Դատախազը նաև հայտարարել է, որ ահաբեկչական կառույցը համագործակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ` Թուրքիայի կառավարությունը տապալելու նպատակով: Մեդիա խմբի ներկայացուցիչների պնդմամբ` պետության կողմից նշանակված կառավարիչները կարող են առգրավել թերթի ունեցվածքը:

Դատարանի որոշման հրապարակումից հետո ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել  Zaman-ի խմբագրությունում: Ի նշան բողոքի` շենքի մոտ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Zaman թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիթ Բիլիջին դատարանի որոշումը որակել է Թուրքիայում «լրագրության համար սև օր»: Նրա գործընկեր, Today's Zaman կայքի գլխավոր խմբագիր Սևգի Աքարչեշմեն էլ ասել է, որ դա «ամոթալի օր էր Թուրքիայում մամուլի ազատության համար» և հիշեցրել Էրդողանի խոսքերը` վհուկների որսի մասին:

«Այսպիսով, նրանք բացահայտ անցել են ընդդիմախոսների դեմ վհուկների որսի»,- ասել է Աքարչեշմեն:

Zaman մեդիա խմբի դեմ գործողությունները դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, որոնք «մեծապես մտահոգիչ» են որակել նման զարգացումները Թուրքիայում: