11 մարտ, 2016 11:17

Էրդողանի տիկնոջ պնդմամբ՝ հարեմը «կրթական հաստատություն էր» և «կյանքի դպրոց»

Էմինե և Ռեջեփ Թայիփ Էրդողաններն ամուսնացած են 38 տարի Էմինե և Ռեջեփ Թայիփ Էրդողաններն ամուսնացած են 38 տարի

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության հարեմները «կրթական հաստատություններ էին, որոնցում կանայք կյանքի դպրոց էին անցնում»:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էմինե Էրդողանն իր կարծքի հայտնել է Անկարայում պաշտոնական միջոցառման ժամանակ, որի ժամանակ պատմել է օսմանյան սուլթանների պատմական դերի մասին: Էմինե Էրդողանի խոսքով՝ «հարեմների կանանց կյանքի վկայությունները կարող են օրինակ ծառայել»:

Էրդողանի տիկնոջ այս հայտարարությունը բուռն քննադատության է արժանացել սոցցանցերում:

«Հարեմները գովաբանողներն իրենց դուստրերին ուղարկում են ամերիկյան համալսարաններ»,- գրել է Թվիթերի օգտատերերից մեկը՝ ակնարկելով, որ Էրդողանի երկու դուստրերը կրթություն են ստացել ԱՄՆ-ում:

«Թուրքիայի առաջին տիկինը նշում է Կանանց միջազգային օրը՝ գովաբանելով օսմանյան հարեմները՝ որպես կանանց համար դպրոց: Սեռական ստրկություն: Հրաշալի է»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Որոշ կառավարամետ լրագրողներ շտապեցին պաշտպանել Էմինե Էրդողանի տեսակետը՝ նշելով, որ «հարեմներն իսկապես դպրոց էին կանանց համար»:

Մարտի 7-ին ելույթ ունենալով կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «երկիրը պետք է զարգացնի գենդերային հավասարության իր ուրույն արժեքները»: 

«Մենք կիրառում ենք «թուրքական ոճի նախագահական համակարգ», «թուրքական ոճի սահմանադրություն» արտահայտությունները: Այս հարցում [կանանց իրավունքներ] նույնպես պետք է զարգացնենք թուրքական ոճի մոդել և կյանքի կոչենք այն: Պարտադիր չէ, որ պաշտպանենք և իրացնենք կանանց իրավունքները Արևմուտքում առկա ձևաչափով և ոճով»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել էր Էրդողանը:

2014թ. դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Էրդողանի մեկ այլ սկանդալային արտահայտություն՝ «կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել»