11 մարտ, 2016 15:15

Ոչ Ռուսաստանը, ոչ միջնորդները չեն կարող կարգավորել ԼՂ հիմնախնդիրը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն. Պեսկով

PeskovՈ՛չ միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն. այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, սակայն վերջնական որոշումները կարող են ընդունել միայն հակամարտության անմիջական մասնակիցները:

«Դրանք իսկապես ինչ-որ մեկանգամյա ջանքեր չեն, այլ հետևողական գիծ: Որպես միջազգային ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է իր հետևողական աշխատանքը, սակայն վերջանական որոշումներն ու նախաձեռնությունները պետք է առաջ քաշեն հակամարտության բուն կողմերը»,- «ՌԻՍ նովոստի» գործակալությունը մեջբերում է Պեսկովին:

Երեկ Մոսկվայում կայացել է ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: