11 մարտ, 2016 13:39

Պուտինը, Էրդողանը, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը՝ «Օբամայի դոկտրինում»

Obama Atlantic 2Ամերիկյան The Atlantic ամսագրի ապրիլյան համարում կհրապարակվի «Օբամայի դոկտրինը» վերնագրով ծավալուն հոդվածը: Ամսագրի լրագրող Ջեֆրի Գոլդբերգը, ամփոփելով Բարաք Օբամայի նախագահության տարիները, հարցազրույց է վերցրել նրանից: ԱՄՆ նախագահը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակի, մերձավորարևելյան առաջնորդների, ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի դերի և Վլադիմիր Պուտինի մասին:

«Փաստ է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ռազմական գերակայության տեսանկյունից՝ ինչ էլ որ անենք»,- ասել է Օբաման:

Ջեֆրի Գոլդբերգը նշում է, որ Օբամայի հետ զրույցներից եզրակացրել է՝ Ուկրաինան առանցքային շահ է Ռուսաստանի և ոչ թե ԱՄՆ-ի համար, և Օբաման դժկամորեն է վերաբերվում այնտեղ միջամտություն իրականացնելու մտքին, քանի որ Ռուսաստանը մշտապես կարողանալու է պահպանել իր գերակայությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օբամայի անձնական շփումների և նրա տպավորությունների մասին Օբաման ասել է. «Ճշմարտությունն այն է, որ Պուտինը մեր բոլոր հանդիպումներում չափազանց քաղաքավարի է և անկեղծ: Մեր հանդիպումները շատ գործնական են: Նա երբեք ինձ չի սպասեցնում երկու ժամ, ինչպես անում է այլ դեպքերում… Նա մշտապես շահագրգռված է մեր կողմից որպես հավասար դիտարկվելու և մեզ հետ աշխատելու մեջ, քանի որ այնքան էլ հիմար չէ: Նա հասկանում է, որ Ռուսաստանի դիրքերն աշխարհում էականորեն սասանվել են»:

Ինչպես գրում է Գոլդբերգը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Օբաման առաջ դիտարկում էր որպես չափավոր մուսուլման առաջնորդ, որը «կարող էր կամրջել Արևելքն ու Արևմուտքը, սակայն այժմ ԱՄՆ ղեկավարը Էրդողանին ձախողված և ավտորիտար առաջնորդ է համարում, մեկը, ով հրաժարվում է օգտագործել իր հսկայական բանակը Սիրիայում կայունության հաստատելու համար»:

Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի դերի և Իրանի հետ հարաբերությունների մասին Օբաման ասել է. «Սաուդցիների և իրանցիների միջև մրցակցությունը ստիպում է, որ մեր ընկերներին ու իրանցիներին ասենք, որ տարածաշրջանում համակեցության ուղի գտնեն և սառը խաղաղության պես մի բան հաստատեն»:

Բարաք Օբաման նաև «չափազանց հպարտ է» Սիրիայում ռազմական օպերացիա չսկսելու իր որոշմամբ:

«Ես գիտեի, որ դադարի կոճակը սեղմելն ինձ համար քաղաքական տեսանկյունից ծանր կարժենա, սակայն վստահ եմ՝ դա ճիշտ որոշում էր»,- The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է Օբաման: