12 մարտ, 2016 15:06

Բլեֆ ընտրացուցակների գաղտնիության մասին

elections1Ընտրացուցակների գաղտնիությունը Սերժ Սարգսյանի իշխանության ամենամեծ բլեֆն է: Ամենեւին կարիք չկա քվեարկությունից հետո ընտրացուցակները գաղտնի պահել հենց թեկուզ այն պատճառով, որ քվեարկությունից առաջ դրանք հրապարակվում են: Նշանակում է՝ հրապարակելիս իշխանությունը հաշվետվություն է ներկայացնում, որ քվեարկության մասնակիցները կոնկրետ այս մարդիկ են: Ընդ որում, այդ ցուցակները հրապարակվում են, որպեսզի ընտրողի հարեւանը կամ բարեկամը կարողանան օգնել իշխանությանը՝ արդյո՞ք տվյալ ընտրողն ապրում է կամ չի դադարել լինել ՀՀ քաղաքացի:

Եթե տվյալ ընտրողը մեռել է կամ դադարել լինել ՀՀ քաղաքացի, ոստիկանությունը համապատասխան ուղղումներն է անում: Նշանակում է՝ քվեարկությունից առաջ ընտրողը որպես հնարավոր քվեարկող ի ցույց է դրվում ամբողջ հանրության եւ նույնիսկ ողջ աշխարհի առաջ: Հիմա մենք գիտենք, թե ովքեր ունեն քվեարկելու իրավունք: Իշխանությունն ասում է՝ քվեարկելու իրավունքն ու արդեն քվեարկելը կամ չքվեարկելը նույն բանը չեն: Սա սուտ է՝ նույն բանն են, քանի որ ընտրատեղամաս գնալու ընթացքում կամ չգնալու ընթացքում ընտրողը գաղտնի ոչինչ չի անում, գաղտնիությունը տարածվում է միայն քվեարկության վրա: Չգնալով ընտրողը չի թաքնվում ընտրական գործընթացից, եթե, իհարկե, նա հետախուզման մեջ չէ: Նշանակում է՝ գաղտնիությունն առաջին հերթին հետախուզման մեջ գտնվողների չհայտնաբերվելու «իրավունքի» պաշտպանությունն է: Սա մեկ:

Երկրորդ, Ընտրական գործընթացն ամբողջությամբ թափանցիկ գործընթաց է, հետեւաբար իշխանությունը պարտավոր է հաշիվ տալ ամբողջ գործընթացի համար, ընտրությունները միայն քվեարկությունը չէ: Ինչու՞ է միայն քվեարկությունը գաղտնի: Որովհետեւ այն երկու եւ ավելի ընտրողի շահերի բախման պաշտպանությունն է ագրեսիայից: Երբ ընտրողը գրանցվում է որպես քվեարկող, նա դեռեւս շահերի բախում չի ցուցադրում, երբ նա մասնակցում է կոնկրետ թեկնածուի հանրահավաքին, նույնպես շահերի բախում չի ցուցադրում, քանի որ գուցե դեռեւս չի կողմնորոշվել եւ մյուս թեկնածուների հետ էլ է մտադիր հանդիպել: Շահերի բախում նա ցուցադրում է, երբ անձամբ է դառնում քարոզարշավի մասնակից: Բայց նա դա անում է հրապարակային, չէ՞: Նշանակում է, կարիք չունի, որ իր անձը գաղտնի մնա, նշանակում է, նա հրապարակայնացնում է իր կոնկրետ շահը: Սակայն երբ գնում է տեղամաս, նույնպես շահերի բախում չի ցուցադրում, քանի որ մենք գիտենք կամ չգիտենք, որ նա կոնկրետ թեկնածուի կողմնակիցն է, եւ ինքը դա չի թաքցնում: Ինքը տեղամաս դեմքը փակած չի մտնում: Ավելին, տեղամասից դուրս գալուց հետո նա կարող է մասնակցել էքզիթ-փոլի եւ նշել, թե որ թեկնածուի օգտին է քվեարկել: Տեղամաս չգնացած եւ այդպես էլ գնալու միտք չունեցող ընտրողը տեղեկանում է, թե ինչպիսին է իրերի վիճակը: Այստեղ նույնպես բացառվեց գաղտնիությունը:

Երրորդ, արդյո՞ք քվեարկությանը չմասնակցած անձը ունի գաղտնի մնալու իրավունք: Ոչ, չունի: Որովհետեւ գաղտնիությունը չգնալու մոտիվների մեջ է, ոչ ոք նրա կարծիքը չի հարցրել, երբ ընդգրկել է ցուցակներում, եւ պետության մեջ, ոչ թե՝ սխոդկայում, ոչ ոք նրա կարծիքը չի հարցնելու, թե ինչու հայտնի դարձավ քվեարկությանը չմասնակցելու փաստը: Պետությունը չի միջամտում մոտիվներին, քանի որ հնարավոր է՝ ամբողջ օրը նա բնակավայրից կամ նույնիսկ երկրից հեռու է եղել, Աստված իր հետ: Նա պարտավոր չէ որեւէ մեկին հաշիվ տալ, թե ինչու Աբու Դաբին կամ Վոլգոգրադը նախընտրեց Ավանի թիվ 1/12 տեղամասից: Ոչ ոք: Գաղտնիությունը վերաբերում է անձնական տվյալներին: Որովհետեւ կյանքը անձնական է, իսկ պետությունը հասարակական միավոր է: Երբ մարդն ընտրող է, ինքը դառնում է հասարակական միավոր: Սակայն թե ինչպես է ապրում նա, ոչ մեկի գործշը չէ:

Չորրորդ, քվեարկությունից հետո տեղամաս չգնացած մարդը ականջները չի փակում, չէ՞, եւ լռվում իր տանը մինչեւ մահ: Նա տեղեկանում է արդյունքներին, տեղեկանում է իր համայնքից ընտրված պատգամավորի անձին կամ հաղթած կուսակցության տոկոսներին: Այս տեղեկությունը նրան պետք է, որպեսզի շարունակի մնալ պետության քաղաքացի: Որպեսզի երբ իշխանության հետ բախվի որեւէ անլուծելի խնդրի, իմանա, թե ում դուռը գնա: Նշանակում է՝ չընտրեց, բայց չդադարեց լինել քաղաքացի:

Հինգերորդ, իշխանությունը հրապարակում է ընտրությունների արդյունքները, որովհետեւ պարտավոր է հրապարակել: Հրապարակման մեջ էն կանխավարկածն է, որ իշխանությունը քաղաքացուց, նույնիսկ տեղամաս չգնացած քաղաքացուց, նույնիսկ քվեարկության օրը անկողնու տակ թաքնված քաղաքացուց իրավունք չունի թաքցնելու ընտրությունների արդյունքները: Հրապարակում է, որպեսզի քվեարկությանը չմասնակցած անձը ի գիտություն ընդունի մասնակիցների կատարած քվեն: Հրապարակում է, որպեսզի քվեարկությանը չմասնակցած անձը կարողանա խաղալ նոր կանոններով, մի խոսքով, հրապարակում է, որովհետեւ կատարված քվեն քվեարկությանը չմասնակցած անձի վրա էլ է տարածվում: Հրապարակում է, որպեսզի նա տեղեկանա, թե ումից է պահանջելու: Որովհետեւ նա ՀՀ քաղաքացի է:

Վեցերորդ, եւ թերեւս ամենակարեւոր կետը՝ երբ ԿԸՀ-ն կամ իշխանությունը հրապարակում է ցուցակները, քվեարկության չմասնակցած անձը դառնում է ընտրական գործընթացի մասնակից: Այսինքն, նա իր տեղեկացվածությամբ, իր պասիվ վերահսկողությամբ դառնում է ընտրող: Նրան պետք չէ ունենալ ամբողջ ընտրացուցակը, նա չի ուզում ակտիվ վերահսկող լինել, եթե ուզենար, կգնար քվեարկության: Չի ուզում: Նրան բավարարում է այն, որ իր քվեն չի կեղծվել: Կամ կեղծվել է: Ընտրություններից առաջ հրապարակված ցուցակները դեռեւս ոչինչ չեն ասում կեղծիքների ամբողջ ծավալի մասին, դրանց մասին ասում են միայն ընտրություններից հետո հրապարակվելիք ցուցակները: Քանզի եթե կեղծվել է քվեարկությանը չմասնակցած անձի քվեն, այդ պահից ինքը դառնում է ընտրական գործընթացի ակտիվ մասնակից: Գուցե չգնալով տեղամաս, ինքը վստահել է իշխանությանը, որ իր քվեն չի կեղծվելու: Իսկ հիմա պարզում է, որ կեղծել են: Ցուցակները չհրապարակելով, ԿԸՀ-ն կամ իշխանությունը պասիվ ընտրողին դարձնում են ընտրակեղծիքի օբյեկտ, այսինքն, նրան մասնակից են դարձնում ընտրակեղծիքին: Եվ տվյալ ընտրողն այդ պահից դուրս է գալիս փողոց եւ պահանջում հարգել իր անձնական արարքը՝ ընտրություններին չմասնակցելը դիտարկել որպես Աբու Դաբիում կամ Վոլգոգրադում գործեր ունեցած մարդու, կամ անկողնու տակ քվեարկության օրը թաքնվելու իրավունք ունեցող մարդու, որը հենց այդ պատճառով ոչ մի կերպ չէր կարող մասնակցել ընտրակեղծիքին: Ահա ինչու ընտրացուցակների գաղտնիությունը Բլեֆ է:

Իշխանությունը իր առաջարկած Ընտրական օրենսգրքի բոլոր կեղտերը պատրաստ է մաքրել, այս մեկը չի մաքրի: Եվ ամեն ինչ անելու է, որ իր լրատերը, որոնց մեջ պետք է կորչի քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման անհրաժեշտությունը:

Եվ ամեն ինչ անելու է, որ իր լրատվական կայքերը թմբկահարեն հենց մյուս կեղտերը, որոնց մեջ պետք է կորչի քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման անհրաժեշտությունը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: