18 մարտ, 2016 15:47

Կոտայքում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն է բացվել

16354Կոտայքի մարզում մարտի 18-ին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն է բացվել:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, բացման արարողությանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը: Բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Կենտրոնի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

«Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև` համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Այն նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Բացման արարողությունից հետո ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարները ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը: